Ավելի քան 300 ուղևորներ չեն կարողացել ժամանակին Չիլիից մեկնել Իսպանիա մի կնոջ պատճառով, ով փորձել էր վերադարձնել սիրեցյալին, հաղորդում է Reuters-ը` հղում կատարելով EFE-ին:
Չիլիի ոստիկանությունը փետրվարի 6-ին հաղորդագրություն է ստացել անհայտ կնոջից, որ Iberia ավիաընկերության ինքնաթիռում պայթուցիկ է տեղադրված: Ինքնաթիռում գտնվող 312 ուղևորներն անմիջապես տարհանվել են:
Խուզարկում իրականացնելուց հետո իրավապահ մարմինների ներկայացուցիչները ինքնաթիռում որևէ կասկածելի բան չեն հայտնաբերել: Միաժամանակ աշխատանք էր տարվում ռումբի մասին հաղորդած կնոջը հայտնաբերելու ուղղությամբ:
«Հեռախոսային ահաբեկչուհուն» շուտով հաջողվել է գտնել: Ինքնաթիռում գտնվող մարդկանց հեռախոսներին եկած զանգերի ստուգման արդյունքում պարզվել է, որ ոստիկանություն զանգահարած կինը կապվել էր «ականապատված» ինքնաթիռում գտնվող ուղևորներից մեկի հետ: 30-ամյա կինը ձերբակալված է: