«Русский репортер» պարբերականը հրապարակել է Wikileaks կայքի կողմից գաղտնազերծված Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի նամակը ԱՄՆ Պետդեպ, որտեղ դիվանագետն անդրադառնում է Հայաստանում մարմնավաճառության խնդիրներին:
Էվանսը նշում է, որ երկրում տիրող աներևակայելի մակարդակի հասնող գործազրկությունը շատ կանանց դրդում է մարմնավաճառության:
«Փողոց են դուրս գալիս արդեն 11-12 տարեկան աղջիկներ»,- գրում է Էվանսը:
«Երկրում մեծանում է այն ծնողների թիվը, ովքեր իրենց անչափահաս երեխաներին ուղարկում են Թուրքիա և Արաբական Միացյալ Էմիրություններ գումար վաստակելու նպատակով: Երկրի իշխանությունները խնդիր չեն տեսնում մարդկանց վաճառքի հարցում. Հայաստանի գլխավոր դատախազը պնդում է, որ իրավապաշտպանի կողմից հարցված մարմնավաճառները ստել են, և մեջբերում է հին հայկական ասացվածքը. «Աստված հեռու պահի բոզի շառից»:
Մեծությամբ Հայաստանի երրորդ քաղաք հանդիսացող Վանաձորի մարմնավաճառների, ոստիկանության և հասարակական կազմակերպությունների հայտարարությունների համաձայն, աղքատությունը և հուսահատությունը մարդկանց վաճառքի հիմնական պատճառներն են հանդիսանում Հայաստանում: Մենք նրանց հանդիպել ենք հուլիսի 14-ին Վանաձոր կատարած այցի ժամանակ, որտեղ մարմնավաճառները ավտոբուսների համար նախատեսված կանգառում`քաղաքի գլխավոր եկեղեցու մոտ, պատրաստվում են կանգնել «աշխատանքի» մութն ընկնելուն պես: Նրանցից յուրաքանչյուրին մենք նույն հարցն ենք տվել. «Ի՞նչ է կարելի անել Հայաստանում մարդկանց առևտուրը դադարեցնելու համար»: Ոչ ոք չկարողացավ պատասխանել, սակայն բոլորը համաձայնեցին, որ գործազրկությունը ստիպում է կանանց վաճառել իրենց մարմինը Հայաստանում և արտասահմանում, որտեղ հնարավոր է ավելի շատ փող աշխատել, բայց այնտեղ նրանց հաճախ կարող են և չվճարել:
Նրանք պատմեցին մեզ, որ արդեն սկսել են «գործի» դուրս գալ 11-12 տարեկան աղջիկներ: Ոստիկանության սպան ասաց, որ իրենց երեխաներին Թուրքիա ուղարկող ծնորղները շատ լավ հասկանում են` ինչպես են նրանք աշխատում այն գումարը, որ ուղարկում են տուն: Մենք այցելեցինք քաղաքի ետնախորշերը, որպեսզի սեփական աչքերով տեսնենք մարմնավաճառությամբ հացի փող վաստակողների կենսապայմանները: Մենք լքեցինք Վանաձորը մի համոզմամբ, որ Հայաստանում անհրաժեշտ է կիրառել ավելի խիստ օրենքներ և խստացնել պատիժը:
Այնուհետև մենք այցելեցինք Վանաձորի հարակից բնակելի մի գյուղ, որտեղ ապրում են մարմնավաճառները: «Դոմիկները», այսպես են այստեղ ապրողներն անվանում իրենց տները, իրենցից ներկայացնում են ժանգոտած մետաղից սարքված խցեր, որոնք առանձին քոթեջի նմանություն ունեն: Դոմիկների համար նրանք ամիսը 2000 դրամ են վճարում, ինչը կազմում է մոտ 5 դոլար: Դոմիկները կառուցվել են 80-ականների վերջին, որպես ժամանակավոր կացարան երկրաշարժից տուժածների համար: Այդ ավանը նման էր մի ամայի կանգառի ավտոմեքենաների թափոնների համար:
Հայաստան այցելող շատ մարդիկ տեսնում են միայն Երևանը` գեղեցիկ հրապարակներով, փայլող Համմերներով և BMW X5-երով, և մտածում են, որ երկրի գործերը լավ են ընթանում: Հայերը և երկիրը լավ ճանաչող օտարերկրացիները Հայաստան այցելողներին հաճախ ասում են, որ կա երկու Հայաստան` Երևանը և մնացյալ Հայաստանը: Մեր ուղևորությունը Վանաձոր նման էր հեռադիտակի պատկերի ճգրտման. մի որոշ ժամանակ անց մենք կարողացանք պատկերը հստակ և մանրամասնորեն տեսնել: Ավելի հեշտ կլիներ, գտնվելով ավելի բարենպաստ մայրաքաղաքում, հայտարարել, որ խնդիրը վերաբերում է միայն իրավապահ և օրենսդրական մարմիններին, և գլուխ ջարդել պետական ատյաններում` պահանջելով նրանցից ուժեղացնել պայքարը այս տեսակ հանցագործության դեմ: Բայց գլուխ ջարդելը չի փոխի իրավիճակը, և շատ մարմնավաճառներ այդ գործով են զբաղվում, որպեսզի սնվելու ինչ-որ բան հայթայթեն: Նրանք հավատում են, որ Թուրքիայում և ԱՄԷ-ում ավելի շատ գումար կարող են վաստակել:
Հայաստանի ղեկավարությունը չի կարող բարելավել տնտեսության վիճակը օրենքի խստացմամբ և ավելի խիստ պատիժների սահմանմամբ: Չնայած որ դա նույնպես անհրաժեշտ է, Հայաստանը պետք է սեփական մարմինը վաճառող կանանց այլընտրանքային աշխատանք առաջարկի, որպեսզի բարեհաջող պայքար ծավալի մարդկային առևտրի դեմ», – մասնավորապես, ասված է Էվանսի նամակում: