Փետրվարի 7-ին Ստամբուլում կայացավ թուրքահայ լրագրող, «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության հերթական նիստը, որի կապակցությամբ «Դինքի ընկերները» հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են արել Թուրքիայի ղեկավարությանը արդար դատավարություն ապահովել:
«Մոտ երեք շաբաթ առաջ մենք նշեցինք մեր բարեկամ Հրանտ Դինքի մահվան 4-րդ տարելիցը: Այս երկրի գիտակից մասը ողբում էր մեզ հետ միասին: «Դուք չեք կարող գոյատևել առանց արդարության», «Դուք չեք կարող ձեր խղճի վրա կրել այդ ոճիրի բեռը», «Այս սպանության պատասխանատուն պետությունն է, դուք չեք կարող փախչել ինքներդ ձեզանից», – ասում էինք մենք:
Սակայն նրանք շարունակում են արհամարել մեր կոչերը: Անգամ Հրանտ Դինքի մահից 4 տարի անց նրա սպանության հանգամանքները չեն բացահայտվում», – գրել են նամակի հեղինակները:
Նրանք ընդգծել են այն փաստը, որ Դինքի սպանության գործով դատավարությունը զավեշտախաղի է վերածվել. անգամ փորձ չի արվում բացահայտելու իրական հանցագործներին: Իսկ պաշտոնյաներին, որոնք ամեն կերպ աջակցել են սպանությանը, որոնք աչք են փակել ճշմարտության վրա, որոնք կեղծ զեկույցներով են հանդես եկել և անհրաժեշտ տեղեկություններ չեն տրամադրել դատարանին, ամեն կերպ զերծ են պահում հետախուզումից:
Ավելին` պետությունը ամեն կերպ փորձում է թաքցնել մարդասպաններին:
Ըստ նամակի հեղինակների` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը շատ հստակ էր: Այն ոչ միայն Թուրքիայի պատասխանատու էր ճանաչել սպանության համար, այլ նաև հայտարարել էր «ձեր դատավորները ռասիստ են»: Ինչի՞ համար են դատարանները, եթե դրանք պատասխանատվության չեն ենթարկում կազմակերպությանը, որը կանգնած է երկրի քաղաքացիների սպանության հետևում:
«Նրանք չեն հասկանում, որ այն, ինչ տեղի ունեցավ Հրանտի սպանությունից հետո, նրանց բոլորին դարձրեց ոչ լեգիտիմ: Գուցե նրանք գիտեն դա, սակայն դա իրենց չի մտահոգում: Թող միացնել հեռուստացույցերը և նայեն, թե ինչ է կատարվում Եգիպտոսում: Մի օր մարդիկ կստիպեն իրենց մտահոգվել այդ խնդրով:
Մահաթմա Գանդին ասել է. «Սկզբից նրանք ձեզ արհամարում են, այնուհետև` ծաղրում, հետո` պայքարում, իսկ արդյունքում` դուք հաղթող եք դուրս գալիս»», – եզրափակում են նամակի հեղինակները: