Home / Հայաստան / Ոստիկանությունը խափանել է գյումրեցի վարորդների բողոքի ակցիան

Ոստիկանությունը խափանել է գյումրեցի վարորդների բողոքի ակցիան

Փետրվարի 8-ին` առավոտյան ժամը 9-ից սկսած, Ոստիկանության Գյումրիի քաղաքային և Շիրակի մարզային վարչությունները մոտ 250-300 ոստիկանական ուժեր էին տեղադրել Գյումրիի կայարանամերձ հրապարակում, որտեղից Շիրակի մարզի վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդները ծրագրել էին սկսել խաղաղ երթը դեպի Բավրա: Այս մասին հաղորդում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը:

Սակայն առավոտյան Գյումրիի քաղաքային ոստիկանության աշխատակիցները բռնի կերպով զավթել էր վրացական պետհամարանիշերով երեք ավտոմեքենա և վարորդների հետ դրանք տեղափոխել ՃՈ Գյումրիի տուգանային հրապարակ: Այդ մեքենաները օրենքով սահմանված կարգով կայանած են եղել հրապարակի հարավային մայթի մոտ:

Մինչև ժամը 11:30-ը ոստիկանական ուժերը, որոնց մի մասը զինված էին մահակներով, պաշարած են պահել Կայարանամերձ հրապարակը, թույլ չտալով այնտեղ կայանել վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաներին: Դրանց փոխարեն ամբողջ հրապարակը լի էր ոստիկանների մեքենաներով:

11:30-ին մի քանի տասնյակ վարորդ գնացել են ՃՈ Գյումրու բաժին այնտեղ տարված մեքենաները ստանալու, իսկ մյուսներն իրենց ավտոմեքենաներով ուղղվել են Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ` խորհրդակցելու: Ոստիկանական ուժերի մի մասը, ինչ-ինչ կասկածներ ունենալով, ուղղևորվել են Գյումրու հյուսիսային դարպաս և դիրքավորվել Մ1 մայրուղու վրա, իսկ մյուսները` գնացել են Ժուռնալիստերի «Ասպարեզ» ակումբի գտնվելու վայր:

«Նրանք բառացիորեն պաշարել էին ակումբը ու հարակից տարածքները` մոտ 500 մ շառավղով, փակելով ավտոմեքենների ազատ տեղաշարժի հնարավորությունը: Պաշարումը տևել է մոտ 2 ժամ», – ասված է «Ասպարեզի» հայտարարության մեջ:

Ժամը 13:30-ին ՃՈ Գյումրիի բաժինը թույլ է տվել վարորդներին տուգանային հրապարակից վերցնել իրենց մեքենաները:

Վրացական պետհամարանիշներով մոտ 80 վարորդներն «Ասպարեզ» ակումբում քննարկում են իրենց հետագա անելիքները և սպասում «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներին,որոնք ուղևորվել են Երևանից Գյումրի նրանց հետ հանդիպելու համար: