Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը տարածել է Շիրակի մարզի վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների սեփականատերերի դիմում-բողոքը իշխանություններին: Դիմումը, մասնավորապես, ուղղված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին:
«Մեզ համար անընդունելի են մշակված և ընդունված այն օրենսդրական փոփոխությունները, որոնց համաձայն վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաները Հայաստանում ՀՀ քաղաքացին կարող է վարել միանվագ մուտքով առավելագույնը 15-օրյա ժամկետով, և, որոնցով մեզ ստիպում են մաքսազերծել այդ ավտոմեքենաները խայտառակ բարձր գներով, որ մենք ի վիճակի չենք», – ասված է վարորդների դիմում-բողոքում:
Վերջինիս հեղինակները տեղեկացնում են, որ իրենք այդ ավտոմեքենաները վարում են վրացական պետական համարանիշերով «այն հասարակ պատճառով, որ իրենց ֆինանսական վիճակը հայաստանյան օրենսդրությամբ և ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի քմահաճորեն սահմանած առասպելական սակագներով թույլ չի տալիս մեզ մաքսազերծել»:
«Ավել գումար ունենալու դեպքում ավելի թանկարժեք մեքենա ձեռք կբերեինք, կամ եթե իմանայինք, որ հայրենի կառավարությունը նման դավադիր օրենսդրական փոփոխություն էր ընդունելու, այդ մեքենաները պարզապես չէինք գնի և ժամանակավոր ներկրի Հայաստան: Մենք վստահ ենք, որ վերոհիշյալ փոփոխությունները ՀՀ օրենսդրության մեջ արվել են առանց տասնյակ հազարավոր հայաստանյան ընտանիքների շահերը հաշվի առնելու, առանց այդ փոփոխությունների տնտեսագիտական, սոցիալական և ժողովրդագրական հետեւանքները հաշվարկելու, ունենալով, լավագույն դեպքում մեկ նպատակ` ամեն գնով բյուջե լցնել, իսկ վատագույն դեպքում` շարունակել հայաթափել Հայաստանը: Բացի վերոհիշյալը, այդ օրենսդրական փոփոխությունները խոչընդոտում են Ջավախքի մեր հայրենակիցների ազատ տեղաշարժը Շիրակի մարզում և Հայաստանի Հանրապետությունում», -ասված է նամակում:
Վարորդները մի շարք պահանջներ են ներկայացրել` առաջարկելով իշխանություններին շուտափույթ կատարել դրանք.
«Հայաստանում վրաստանյան պետհամարանիշերով ավտոմեքենաների երթևեկության համար վերականգնել այն օրենսդրական ռեժիմը, ինչ գործում էր մինչ 2010 թվի վերջը: Հայաստանում վրաստանյան պետհամարանիշերով ավտոմեքենաների երթևեկության հին ռեժիմի վերականգնման հետ մեկտեղ, առաջարկում ենք ամսական մեկ անգամ սահման հատելու պարտադրանքի փոխարեն մտցնել ամսական վճար` 2000-ական դրամ, որը այդ մեքենաների վարորդներս պարտավոր կլինենք վճարել պետական բյուջե առանց սահմանը հատելու: Արմատապես բարեփոխել ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծման վճարների հաշվարկի համակարգը, դրույքաչափերը և վճարները, այնպես, որ շարքային քաղաքացիներիս համար շահեկան լինի մեքենաներ ներկրել և մաքսազերծել: ՀՀ գործող օրենսդրության մեջ այնպիսի փոփոխություններ կատարել, որ հնարավոր դառնա վրաստանյան պետհամարանիշերով ավտոմեքենաների վարումը լիազորագրով վստահել այլ անձանց»:
Վարորդները դիմում-բողոքում նաև տեղեկացնում են, որ պատրաստ են վճռականորեն պայքարել իրենց շահերի և սահմանադրական իրավունքների պաշտպանության համար.
«Դիմելու ենք օրենքով չարգելված բոլոր միջոցներին, ժողովներ, երթեր և հանրահավաքներ ենք կազմակերպելու, դիմելու ենք հասարակության օժանդակությանը, այս խնդրի լուծման համար դիմելու ենք միջազգային հանրությանը, օտար երկրների իշխանություններին»: