Ամբողջ հանրապետությունը գիտի, որ հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող «Երևան Սիթիի» գլխամասային գրասենյակի (Տիչինայի փող., 3-րդ նրբ.) հարակից մասում մի հսկայական տարածք ունի, որտեղ ինչ ասես արտադրում է` սկսած հացից, վերջացրած օղիով, գրում է «Ժամանակ» օրաթերթը:
Բայց, օրինակ, հացը պարոն Ալեքսանյանը վաճառում է իրեն պատկանող մեկ այլ` «Սևանի հացի գործարանի» անվան տակ, եթե, իհարկե, որևէ մեկը հանկարծ շփոթվի ու հաշիվ-ապրանքագիր պահանջի սույն օլիգարխից: Սակայն «շփոթվողներ» իրականում շատ քիչ կլինեն, որովհետև այս արտադրամասից հացը հիմնականում առաքվում է «Երևան Սիթիի» սուպերմարկետների ցանց: Ընդհանրապես, մեր տեղեկություններով, Ա. Ալեքսանյանը արդեն մոնոպոլ դիրք է գրավել նաև հացի արտադրության ոլորտում, թեև դա տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից արձանագրված չէ, քանի որ համարվում է, թե այս շուկայում որևէ մեկը գերիշխող դիրք չունի:
Միայն այդ գլխավոր գրասենյակի հարակից տարածքում, մեր տեղեկություններով, օրական 300-400 պարկ ալյուր է օգտագործվում հաց թխելու համար, որը, ինչպես արդեն նշեցինք, ոչ մի տեղ գրանցված չէ: Համեմատության համար նշենք, որ օրական 10 պարկ և ավելի ալյուր օգտագործողները արդեն այն «բախտավորներն են», որոնք շահույթով են աշխատում` միջին հաշվով մեկ պարկից 5000 դրամ: Բազմապատկելով այս 5000 դրամը 350-ով և տարվա օրերի թվով` կստանանք տարեկան մոտ 640 մլն դրամի (1.75 մլն դոլարի) զուտ շահույթ: