Home / Հայաստան / Ակցիա ԱԺ-ի մոտ. երիտասարդը լրագրող է ձևանում, առևտրականները շարունակում են պայքարել

Ակցիա ԱԺ-ի մոտ. երիտասարդը լրագրող է ձևանում, առևտրականները շարունակում են պայքարել

«Վաղն էլ Քաղաքապետարանի մոտ ենք ակցիա անելու, ու մինչև վերջ պայքարելու ենք:  Չեն կարա մեզ լռեցնեն, մենք մի ձև պիտի ապրենք, թե չէ, էդ ա մեր ապրուստի միջոցը»: Այսօր Ազգային Ժողովի մոտ էին հավաքվել բացօթյա առևտուր իրականացնող քաղաքացիները, ում «Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նախորդ, Երևանի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ տեղեկացրել էր, որ այսօր ինքը բացօթյա առևտրով զբաղվողների հարցն է բարձրացնելու Ազգային Ժողովում և ասել, որ իրենք կարող են ակցիան անցկացնել ԱԺ-ի մոտ:

Նշենք, որը նախորդ բողոքի ակցիան ուղեկցվել էր քաշքշուկով ցուցարարների և ոստիկանների միջև, դեպքի վայր էին ժամանել պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Վարդան Խաչատրյանը և փորձել թուլացնել լարվածությունը:

Այսօր ցուցարարները մի քանի ժամ շարունակ կանգնել են ԱԺ-ի մոտ և սպասել պատասխանի: Նրանք իրենց հետ բերել էին պաստառներ, որոնց վրա գրված էր՝ «Ամոթ, իշխանությանը», «Ամոթ, քաղաքապետին», «Մի զրկեք աշխատանքից», «Մի զրկեք մեզ հանապազօրյա հացից»:

Ակցիայի ժամանակ մասնակից կանայք Epress.am-ի հետ զրույցում ասել են, որ իրենց կարծիքով իրենց հետևում են ինչ-որ երիտասարդներ.

«Մեր մեջ շպիոններ են ման գալիս, ու իրանց թվում ա, մենք չենք իմանում, խի են իրանք գալիս: Ամեն ակցիայից հետո մենք նկատել ենք, մեր հետևից ջահել տղերք են գալիս, էն օրն էլ հետները աղջիկ էին բերել, գալիս են, կանգնում են մեր տան մոտ: Իրանք ակցիային էլ են գալիս, որ չմտածենք, թե հետևում են, բայց դե մենք հո միամիտ չենք», – պատմում էր կանանցից մեկը:

Այդ ժամանակ մեկ այլ կին էլ մատնացույց արեց ակցիայի վայրում գտնվող մի երիտասարդի և բղավելով հարցրեց` «դու ո՞վ ես, միշտ գալիս ես, ոչ խոսում ես, ոչ բան, ո՞վ ես դու», սակայն երիտասարդը չցանկացավ ներկայանալ:

Մենք փորձեցինք նրանից տեղեկանալ, թե ինչու են կանայք նրան կասկածանքով վերաբերում: Երիտասարդը, ով ներկայացավ Արթուր անունով, նախ պահանջեց մեր ֆոտոխցիկի միջից ջնջել իր նկարները, և ասաց` «իմ համար երեք վայրկյան ա, զանգեմ, զանգեն ձեզ ջնջել տան», այնուհետև ասաց, որ ինքը լրագրող է, աշխատում է «Հայկական ժամանակում»:

Մենք կապվեցինք «ՀԺ»-ի հետ պարզելու համար, արդյոք տվյալ ժամին թերթը լրագրող ունի ակցիայի վայրում, թե ոչ, սակայն խմբագրությունից ասացին, որ անգամ չունեն նման անունով լրագրող:

Բողոքի ակցիան շարունակվում էր, իսկ ավելի ուշ մեզ հետ զրույցում ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասել է, որ Ազգային Ժողովում ինքը բարձրացրել է բացօթյա առևտրականների հարցը, սակայն պատասխանողը` ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ըստ Փոստանջյանի, «ցրողական պատասխաններ է տվել»:

Epress.am-ի հետ զրույցում բողոքի ակցիային մասնակից կանանցից Ալիսան ասել է, որ Զարուհի Փոստանջյանը վերցրել է իրենց հեռախոսահամարները և խոստացել փետրվարի տասնմեկին կապվել և հանդիպել նրանց հետ:

«Մեզ տիկին Փոստանջյանն ասեց, որ կհանդիպենք ու կորոշենք մեր հետագա պայքարի ընթացքը», – ասել է մեր զրուցակիցը: