Եվրոպայի խորհրդի ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի հանձնաժողովը (ECRI) երեկ իր դիտարկման զեկույցն է հրապարակել Հայաստանի մասին, գրում է «Առավոտ» օրաթերթը:
Զեկույցում նշվում է, որ 2007-ի փետրվարի 13-ին առաջին զեկույցից հետո առաջընթաց է արձանագրվել մի շարք ոլորտներում, և դրանցից մեկն է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի մի փոփոխությունը. «Չկան եթերաժամանակի սահմանափակումներ մասնավոր հեռուստաընկերությունում ազգային փոքրամասնությունների ծրագրերը հեռարձակելու համար»: Կամ նշվում է, թե հակամահմեդական զգացումների մասին վկայությունները «քիչ են կամ չկան»: Զեկույցի 45-րդ կետում մանրամասնած է. «Բազմաթիվ իրանցիներ, որոնք գալիս են Հայաստան ուսումնառության, բիզնեսի կամ զբոսաշրջության նպատակով, չեն առնչվում առանձնահատուկ խնդիրների»:
Ողջունելով դրական առաջընթացը` զեկույցում, սակայն, նշվում է. «Որոշ հարցեր շարունակում են մնալ մտահոգիչ»: Եվ մասնավորապես հիշատակվում է, թե ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» սահմանափակող օրինագիծը, որն արժանացել է տեղական և միջազգային կազմակերպությունների քննադատությանը: Եվ հետո զեկույցի երաշխավորություներում նշվում է, թե այդ օրինագիծը պետք է ընդհանրապես հետ կանչվի:
Կամ ECRI-ը նշում է. «Չի ձևավորվել անկախ մեխանիզմ` քննելու ոստիկանության դեմ ուղղված բողոքները»: Զեկույցում նաև նշված է, որ վիճակագրություն չկա կրոնական դրդապատճառներ ունեցող հանցագործությունների վերաբերյալ. «Կան հավատի ազատության նկատմամբ անհանդուրժողականության ակնհայտ վտանգներ: Կրոնական փոքրամասնություններին պատկանող երեխաների նկատմամբ դպրոցներում կիրառվում է խտրականություն, և կան պաստառային արշավներ «աղանդների» դեմ»: Վերջին ակնարկը մանրամասնած է «ռասիստական բռնություններ» ենթաբաժնում` 60-րդ կետում, որից պարզ է դառնում, թե խոսքը «Մեկ ազգ» կազմակերպության կողմից փողոցներում փակցվող պաստառների մասին է:
Նշվում է, թե ազգային անվտանգության ծառայությունը «վերահսկում է կրոնական սովորական գործունեությունը»: Եվ երաշխավորություններում առաջարկվում է զերծ մնալ դրանից:
Ակնարկ կա Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ հակաքարոզչության մի դրվագի մասին. «Թույլ էր նախագահի թեկնածուի դեմ սիոնիստական մեղադրանքի վերաբերյալ քաղաքական արձագանքը»: Զեկույցի 53-րդ կետում մանրամասնած է, թե նախագահական վերջին ընտրությունների քարոզարշավի ընթացքում «փորձ էր արվում հակասեմիտական զգացումներ առաջացնել ընդդիմության թեկնածուի նկատմամբ, որի կինն ունի հրեական ծագում»: Հիշատակվում է, որ այս կապակցությամբ մասոնական դավադրության մասին մեղադրանքներ հրապարակեցին մի քանի թերթեր և Հանրային հեռուստաընկերությունը:
Զեկույցում առաջարկվում է հատուկ վարժանք կազմակերպել Հանրային հեռուստաընկերության և ռադիոյի համար` այն թեմայի շուրջ, թե ինչպես պետք է հավասարակշռել խոսքի ազատությունը և փոքրամասնությունների պաշտպանությունը: