Հայ Ազգային Կոնգրեսի փետրվարի 18-ի հանրահավաքը անցկացվելու է Մատենադարանի հարակից տարածքում: Հանրահավաքի անցկացման վայրը նշված է թռուցիկներում, որոնք բաժանվում են թե Երևանում, թե մարզերում:
Թռուցիկներում նշված է նաև հանրահավաքի օրակարգը. «Ընտրակեղծարարությունը, տոտալ հարձակումը մանր ու միջին բիզնեսի, միջին խավի վրա, ապօրինի թանկացումները, Սերժ Սարգսյանի հրաժարականը, արտահերթ ընտրությունները»:
Նշված է նաև, որ հանրահավաքի ժամանակ ելույթ է ունենալու ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Հանրահավաքից հետո ավանդաբար տեղի կունենա երթ:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը հերթական անգամ մերժել էր Կոնգրեսի՝ Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու հայտը, քանի որ տվյալ օրը այնտեղ մշակութային և մարզական միջոցառումներ էին նախատեսված:
Ավելի վաղ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն Epress.am-ի հետ զրույցում ասել էր, որ իրենք սպասում էին նման որոշման, իսկ Ազատության հրապարակում այլ միջոցառումների իրազեկումները Կոնգրեսի հանրահավաքն արգելելու որոշման համար են պատրաստվել: