ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վերջնականապես թողել է ծխելը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման:
Նրա խոսքով` Օբաման արդեն շուրջ մեկ տարի է` չի ծխում: Միշել Օբաման պատմել է, որ ամուսինը որոշել է թողնել վատ սովորույթը, որպեսզի օրինակ ծառայի իր երկու աղջիկների համար: Նա պարզաբանել է, որ Մալիյան և Սաշան մեծացել են, և այժմ Օբաման ցանկանում է «նրանց աչքերի մեջ նայելով» ասել, որ այլևս չի ծխում:
Միշելը հպարտանում է ամուսնու նման վարքով: Նա հավելել է, որ երբևէ ամուսնուն չի նախատել ծխելու սովորության համար, քանի որ մտածել է, որ վատ սովորությանը վերջ տալը նրա «անձնական մարտահրավերն է»: «Երբ ինչ-որ մեկը ճիշտ գործով է զբաղված, ես փորձում եմ նրան չխանգարել»,- պատմել է Միշել Օբաման:
2008 թվականին նախագահական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո, Օբաման խոստացել էր Սպիտակ տուն մուտք գործելուն պես թողնել ծխելը: 2009-ի հունիսին նախագահը խոստովանել էր, որ երբեմն չի կարողանում դիմակայել ցանկությանը և ծխում է, սակայն հավելել է, որ երբեք դա չի անում երեխաների ներկայությամբ: