Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Արարատի մարզի Սիփանիկ գյուղի ձկնաբուծական տնտեսություններից մեկում ջրաչափի տեղադրման փորձնական ծրագրի իրականացմանը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության և բնապահպանության նախարարները, պաշտոնատար անձինք, Արարատյան դաշտում գործունեություն ծավալող ձկնաբույծներ:
Ինչպես նշում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, ձկնաբույծները հնչեցրել են իրենց մտահոգությունները ջրաչափիչ սարքերի տեղադրման խնդիրների վերաբերյալ` անհրաժեշտ համարելով յուրաքանչյուր ձկնաբուծական տնտեսության համար անհատական չափորոշիչների կիրառումը:
Սարգսյանը նշել է, որ յուրաքանչյուր ձկնաբուծական տնտեսության համար կիրառվելու են ջրաչափիչ սարքերի տեղադրման անհատական տեխնիկական չափորոշիչներ, և ձկնաբույծները կարող են ինքնուրույնաբար ձեռք բերել ջրաչափիչ սարքեր իրենց նախընտրած ընկերությունից:
«Մեր նպատակն է կրկնապատկել ձկնաբույծների կարողությունները: 2010թ. մենք ունեցել ենք լուրջ նվաճումներ. շուրջ 500 տոննա ձուկ է արտահանվել Հայաստանի Հանրապետությունից: Կառավարությունը լուրջ ջանքեր է գործադրել, որպեսզի 22 տնտեսվարողներ ստանան արտոնագիր Ռուսաստանում և հնարավորություն ստանան արտահանել իրենց արտադրանքը: Մեր գնահատականներով` 2011թ. այս ցուցանիշը պետք է կրկնապատկվի, քանի որ այն կարողությունները, որ ջրային տնտեսություններն ստեղծել են, արդեն հույս են ներշնչում, որ 2011թ. այդ արտադրանքը մենք ստանալու ենք: Բոլոր ձկնաբուծական տնտեսություններում ներդնելու ենք ստանդարտներ` սկսած ջրաչափերից և ավարտած ձկնաբուծության ոլորտում կիրառվող տեխնոլոգիաներով, որպեսզի վստահ լինենք, որ ձկնաբույծներն աշխատում են սննդի անվտանգության ապահովման կանոններով: Դա բխում է և՛ մեր բնակչության շահերից, և՛ միջազգային բոլոր պարտավորություններից», – ասել է Տիգրան Սարգսյանը:
Կառավարության ղեկավարն անդրադարձել է վերջին շրջանում ձկնաբուծության ոլորտում մենաշնորհ հաստատելու վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակումներին. «Քննադատություն կա, թե այս ամենը կատարվում է նրա համար, որպեսզի ջրօգտագործողների և ձկնաբույծների ոլորտում ձևավորվեն նոր մոնոպոլիաներ, ինչն, իհարկե, անհեթեթություն է: Մեր գործողությունները վկայում են այն մասին, որ առաջին հերթին հսկողությունն սկսելու ենք իրականացնել խոշոր տնտեսություններից: Դրա համար բնապահպանության նախարարության կայքէջում տեղադրված է այս ձկնաբուծական տնտեսությունների ամբողջական ցանկը` ըստ խոշորության: Մեր բոլոր ստուգումներն ու ջրաչափերի տեղադրումն սկսելու ենք խոշոր ձկնաբուծական ընկերություններից` տեղափոխելով նրանց օրինական դաշտ»: