Վերջերս միտում է առաջացել լրատվամիջոցների դեմ հայցեր ներկայացնել ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի «պատվին, արժանապատվությանը հասցված վնասի փոխհատուցման կարգին և պայմաններին վերաբերող» օրենքի հիման վրա:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի իրավաբան Օլգա Սաֆարյանը` անդրադառնալով «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ հայ պատգամավորների ներկայացրած հայցին և դատարանի կայացրած որոշմանը:
Հիշեցնենք, որ օրերս դատարանը պարտավորեցրել է «Հայկական ժամանակ» օրաթերթին 2 միլիոն 44 հազարական դրամ վճարել ԱԺ երեք պատգավորներին` Ռուբեն Հայրապետյանին, Սամվել Ալեքսանյանին և Լևոն Սարգսյանին: Վճռի համաձայն` օրաթերթի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի համարում լույս տեսած «Ութից յոթը ցուցակում են» վերնագրով հոդվածում առկա տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
«Վճիռը եղել է օրենսդրության սահմաններում, քանի որ օրենսդիրը սահմանում է մինիմալ աշխատավարձի մինչև 2000-ապատիկը: Սակայն նշվում է, որ այդ գումարը սահմանելիս դատարանը պետք է նկատի ունենա այդ տեղեկության տարածման եղանակը և միջոցները, ինչպես նաև տարածողի նյութական վիճակը: Արդյո՞ք դատարանը հաշվի է առել թերթի նյութական վիճակը, որ մի վճիռով վճռված է մաքսիմալը` 6 միլիոն դրամ», – ասել է Սաֆարյանը:
Խոսքի Ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն էլ կարծիք է հայտնել, որ այս հայցը և դատական որոշումը հստակ հաշվերահարդար են «Հայկական ժամանակի» նկատմամբ, քանի որ մինչ դատական գործընթացի սկսվելը օրաթերթը ճշտում-հոդված է տպագրել և նշել կոնկրետ տեղեկատվության աղբյուրը, ինչը, սակայն, դատարանում հաշվի չի առնվել: