Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը պահանջող բազմաթիվ ցուցարարներ արգելափակել են երկրի Խորհրդարանի մուտքը, հաղորդում է AFP գործակալությունը:
Ցուցարարները տեղավորվել են շենքի հարակից տարածքում, որտեղ նրանք դեռ նախօրեին վրաններ էին տեղադրել` կենտրոնական Թահրիր հրապարակից տեղափոխվելով Խորհրդարանի տարածք:
Բախումներ առայժմ չեն գրանցվել: Ցուցարարները շարունակում են հակակառավարական կարգախոսներ հնչեցնել:
«Մենք չենք ցանկանում իշխող կուսակցության անդամներին թույլ տալ մտնել Խորհրդարան: Մարդիկ չեն ընտրել այս խորհրդարանը: Երկրի ղեկավարությունը պետք է հրաժարական տա, ոչ միայն նախագահը»,- գործակալությանն ասել է ցուցարարներից մեկը:
Եգիպտոսի զանգվածայաին բողոքի ցույցերը շարունակվում են արդեն 2 շաբաթից ավելի: Փետրվարի 8-ին ցուցարարները հրաժարվել են ընդունել այն բոլոր զիջումները, որոնց համաձայնել է գնալ իշխող ռեժիմը, և կրկին հավաքել են կես միլիոնանոց հանրահավաք Կահիրեյում:
Ցուցարարները ևս մեկ անգամ ապացուցում են, որ բողոքի ակցիաները չեն դադարի, քանի դեռ նախագահը հրաժարական չի տվել և նոր ժողովրդավարական համակարգ չի ստեղծվել: