«Հրապարակ» օրաթերթը մանրամասներ է ներկայացնում փետրվարի 6-ին Ղարաբաղի Պաշտպանական բանակի Հադրութի զորամասերից մեկում տեղի է ունեցած ողբերգության մասին: Այդ օրը սպանվել է ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Գևորգ Անդրանիկի Կոտինյանը` Վանաձոր քաղաքի բնակիչ:
Գևորգը մեկնել էր ծառայության 2010թ. մայիսի 12-ին: Մեկ օրից կլրանար նրա ծառայության 9 ամիսը: Հարազատներն ասում են, որ վերջին անգամ մոր հետ խոսել է ուրբաթ օրը, ծառայությունից բողոքներ չի ունեցել: Ողբերգությունը, ըստ Գևորգ Կոտինյանի պապիկի` Զալիկո Կոտինյանի, տեղի է ունեցել փետրվարի 6-ին, երեկոյան 19:00-ի սահմաններում. «Վաղ առավոտյան զանգում են երեխայի հորեղբորն ու ասում, որ երեխուն խփել են: Դրանից հետո գնացել ենք Երևան, ուզում էի երեխուն տենել, չէին թույլ տալիս: Հետո թողեցին, մտա` տեսնեմ երեխեն լրիվ տկլոր, նասիլկի վրա դրած, պրոստինն էլ վրան գցած, հետո որ երեխուս երեսը բացեցի, տեսա որ երեսի ձախ կողմը կապտած է, իրանք էլ ասին, որ ընկնելուց է եղել, հետո թույլ տվեցին, որ երեխուս մայորի հետ մեկը գնա: Մեր խնամին վերկացավ-գնաց, հետո եկավ-ասավ, որ ոտքերի կողքերից հետ կապտած է: Հետո մի մարդ գտանք, հետը խոսեցինք, ասավ, թե ընկել ա երեխեն, ինֆարկտ ա տվել: Հիմա արդեն 4 հոգու կալանքի են վերցրել: Մեզ ասին, որ էդ վեց հոգին ծնունդ են արել, խմած վիճակում են եղել, էս երեխեն էլ գնացել ա պապիրոզը վառել պեչկից ու ձեռները գրպանը դրել, ու էնտեղից ինչ-որ մեկն ասել ա, թե խի ես ձեռքերդ դրել գրպանդ, կանգնել: Մեր երեխեն էլ ասել ա` դուք էլ ձեռքներդ գրպաններդ դրեք կանգնեք, ու դա է եղել: Իրա մաշկը որ բացել են, արյունն ասում ա` այդ րոպեին վռազ չի խաղացել, կողը ջարդված սրտի մեջ ա մտած եղել»: Պապիկը կարծում է, որ այս ամենը հրամանատարական կազմից է գալիս, ու համեմատում է իր ծառայության հետ. «Մեր վախտով մի մարդու պես ծառայել եկել ենք, հիմա հայը հային է սպանում, բա էգուց էլ թուրքը կսպանի, էլի»: Հորեղբայրը ևս ասում է, որ իր տեղեկությունների համաձայն` սիգարետի պատճառով է եղել ամեն ինչ: Մահվան վկայականում նշված է` «սրտի ռեֆլեկտոր կանգ, կրծքավանդակի փակ, բութ վնասվածք, կրծքավանդակի փափուկ հյուսվածքների, ձախ թոքի, սրտի արյունազեղումներ, աջ անրակի հոդախախտ, աջից գոտկային շրջանի փափուկ հյուսվածքների, աջ երիկամի և մակերիկամի արյունազեղումներ»: