Այսօր ժամը 12:00-ին վրացական պետհամարանիշներ ունեցող մեքենաների վարորդներն ավտոշարասյունով շարժվել են դեպի հայ-վրացական սահմանին գտնվող Բավրայի անցակետ:
Շարասյան հետևից գնացել են նաև բազմաթիվ ոստիկանական մեքենաներ: Վարորդների հետ Բավրա են գնացել նաև «Ժառանգություն» կուսկացության ներկայացուցիչները և Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:
Ինչպես մենք ավելի վաղ տեղեկացրել էինք, մինչ Բավրա շարժվելը ոստիկանությունը փակել էր դեպի «Ասպարեզ» ակումբ տանող ճանապարհները, որտեղ պետք է հավաքվեին վարորդները, սակայն վերջիններս շարասյուն են կազմել մայրուղու վրա:
Epress.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակից Վահան Խաչատրյանն ասել է, որ մինչև Բավրա գնալը վարորոդները խնդրել են այնտեղ գտնվող Տիգրան Կարապետյանին հորդորել ոստիկաններին, որպեսզի նրանք բացեն ճանապարհը: Սակայն Կարապետյանը չի խոսել ոստիկանների հետ և վարորդներին խորհուրդ է տվել անել այնպես, ինչպես կասեն ոստիկանները:
Վահան Խաչատրյանը նշել է, որ այս պահին վարորդները հասել են Բավրա և անցակետի մոտ հավաքված է մոտ 500 մարդ: Մեքենաների շարասյունը կազմում է մոտ 2 կմ: Բավրայի անցակետի մոտ հավաքը վերածվել է փոքր հանրահավաքի, որի ժամանակ ելույթ են ունեցել «Ժառանգություն» կուսկացության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, Տիգրան Կարապետյանը և Հայ Ազգային Կոնգրեսի Գյումրիի տարածքային կազմակերպության ներկայացուցիչ Մուրադ Գրիգորյանը: «Ժառանգության» պատգամավորները հավաստիացրել են, որ իրենք կանգնած են վարորդների կողքին: Կարապետյանն իր ելույթում խորհուրդ է տվել կառավարությանը վրացական պետհամարանիշներով մեքենաների համար հասատագրված վճար սահմանել ամսական 5000 դրամ, որը վարորդները կվճարեն և սրանով հարցը լուծվի:
ՀԱԿ ներկայացուցիչ Մուրադ Գրիգորյանն իր ելույթում ասել է, որ Հայ Ազգային Կոնգրեսը միշտ պատրաստ է աջակցել այն մարդկանց, որոնց իրավունքները ոտնահարվում են:
Վարորդները դիմում են ներկայացրել մաքսակետ` պահանջելով վերանայել օրենքում կատարված փոփոխությունները և վերադառնալ մեկ ամիս առաջ գործող օրենքին, ինչպես նաև վերացնել մաքսայինի աշխատակիցների կամայականությունները, ովքեր, վարորդների խոսքով, աչքաչափով գին են որոշում:
Բացի դա, հավաքվածները պահանջել են վրացական պետհամարանիշներով մեքենաների համար հաստատագրված վճար սահմանել ամսական 2 հազար դրամի չափով, և այդ դեպքում մեքենաները ստիպված չեն լինի հատել հայ-վրացական սահմանը: Նշենք, որ այժմ վրացական պետհամարանիշներով մեքենաները 15 օրվա ընթացքում մեկ անգամ պետք է հատեն սահմանը և վերադառնան Հայաստան:
Վարորդները այժմ պատասխանի են սպասում Բավրայի անցակետի մոտ: