Երեկ Մեծ Բրիտանիայում 3 հայեր 3 տարվա ազատազրկման են դատապարտվել BT ընկերության հեռախոսային սարքերից խոշոր չափի գումար գողանալու համար:
Լեյսթերի Թագավորական Դատարանը հրապարակել է վճիռը, համաձայն որի 48-ամյա Գրիգոր և 46-ամյա Կարինե Գևորգյանները, ինչպես նաև 42-ամյա Տիգրան Ագլինցյանը մեղավոր են ճանաչվել գողության կազմակերպման և իրականացման մեջ: Դատապարտյալները մետաղադրամներ են գողացել ավելի քան 500 հեռախոսի սրաքերից ողջ երկրի տարածքում: Բրիտանական լրատվամիջոցները նշում են, որ հանցագործությունը նման է 1950-ականների գանգստերային պատմություններին:
Նշենք, որ գողոնի չափը կազմել է 200,000 բրիտանական ֆունտ:
Առաջին անգամ BT ընկերությունը սկսել է ինչ-որ բան կասկածել, երբ հեռախոսային արկղերից հավաքած գումարը չափազանց քիչ է եղել: 2010-ի մայիսին ընկերությունը դիմել է Լեյսթերի ոստիկանություն, որի օգնությամբ էլ հնարավոր է եղել դուրս գալ գողերի հետքին:
Ագլինցյանը բերման էր ենթարկվել 2010 թվականի հուլիսին այն պահին, երբ կրկին փորձում էր գողություն իրականացնել: Գևորգյանները ձերբակալվել են միևնույն օրն իրենց տանը: Մեղադրյալները գողությունն իրականացրել են Արևելյան Միդլանդի, Սաութ Ուեսթի, Յորքշիրի, Չեշիրի, Սթաֆորդի, Ուորվիքշիր և Քեմբրիջշիրի կոմսությունների հեռախոսի սարքերից: