Home / Հայաստան / Հայաստանը սկսել է խժռել իր պոչը և զգում է արյան համը. Մանուչարյան

Հայաստանը սկսել է խժռել իր պոչը և զգում է արյան համը. Մանուչարյան

Հայաստանում միացված է ինքնաոչնչացման ծրագիր. պատկերավոր ասած` վիճակն այսպիսին է. պատկերացրեք մի կենդանի, որը սկսել է խժռել իր պոչը, ինչ-որ մեկը կարողացել է պոչը հասցնել նրա բերանին, նա զգացել է արյան համը: Ուղեղը լրիվ արդեն անջատված է, որովհետև բերանի մասի ռեցեպտորները հուշում են, որ պետք է ուտել, մարմնի մյուս մասերը նախանձում են բերանին, բերանը հաջողակն է, իսկ մյուսներն ուզում են բերան դառնալ, նրանք չեն ուզում դադարի այդ բանը, իրենք են ուզում բերան դառնալ:

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին այսպես է Հայաստանի ընդհանուր իրավիճակը բնութագրել Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, ով վերջին տարիներին ներգրավված չէ երկրի հրապարակային քաղաքականության գործընթացներում:

Նրա խոսքով` Հայաստանում երկու խոշորագույն ուժեր են գործում` մեկը, պայմանականորեն, անգլո-սաքսոնական ուժերը, քանի որ Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները կոնսոլիդացված են այդ գործում, մյուս կողմից` Ռուսաստանը, որը սկսել է նկատել, որ լավ պատառիկը տանում են, դրա հետ միասին Կովկասը, որի ընթացքում փլուզվելու է նաև Ռուսաստանը, քանի որ Ռուսաստանի համար Կովկասը շատ կարևոր օղակ է: Ռուսաստանի այդ անհանգստությունները, ըստ Մանուչարյանի, արդեն ինչ-որ շարժումների են վերածվել:

«Ես կարծում եմ, որ մենք ի վիճակի ենք ինչ-որ կերպ կարգավորել իրավիճակը, եթե ոչ, ապա դա մեր փոխարեն կանեն ուրիշները»,- ասել է Մանուչարյանը: