Հայաստանում դեռ ձևավորվելու են նոր ուժեր, և այսօր ընտրություններում տոկոսային կանխագուշակումներ անելն անշնորհակալ գործ է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
«Բուռն գործունեություն այսօր արդեն կա, և ես աշխատում եմ համագործակցել, աջակցել այդ նոր, ձևավորման փուլում գտնվող ուժերի հետ և աշխատում եմ նրանց միջև հարաբերություններ ստեղծել: Այդ ուժերը շատ տարալուծված են, նրանք քաղաքական կերպար չունեն»,- ասել է Մանուչարյանը:
Որպես օրինակ նա բերել է Facebook սոցիալական ցանցի միջոցով Եգիպտոսի հեղափոխության ալիքը բարձրացրած երիտասարդին: Ըստ Մանուչարյանի` Հայաստանում ևս կան այդպիսի երիտասարդներ:
«Ես չգիտեմ, թե Հայաստանում այդ խմբերը երբ, որտեղ և ինչպիսի գործունեություն կծավալեն, բայց այդ խմբերը աշխատում են քաղաքական դաշտից դուրս, և ցանկացած պահին կարող են շատ անակնկալ զարգացումներ տեղի ունենալ»,- պարզաբանել է Մանուչարյանը:
Նրա խոսքով` Հայ Ազգային Կոնգրեսի երիտարսարդների շրջանակներում կան «շատ դրական և զարմանալի խմբեր, կերպարներ, անհատներ»:
«Զարմանալի կերպար է նաև Զարուհի Փոստանջյանը` «Ժառանգություն» կուսակցությունից, որն իր թերություններով ու բացերով հանդերձ, միևնույն ժամանակ, ազնիվ և պարկեշտ մարդու կերպար է և փորձում է ինչ-որ նորմալ բան հաստատել էս երկրում: Եթե մենք նման պատգամավորներ շատ ունենայինք, մեր պառլամենտի կերպն ուրիշ կլիներ: Շատ հրաշալի գործեր են անում «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչները, կա նաև ֆեյսբուքային երիտասարդություն»,- մեկնաբանել է Մանուչարյանը: