ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արթուր Աղաբեկյանը ՀՀ կրթության նախարար Արմեն Աշոտյանին խնդրել է լուծել իր որդուն ժամկետային զինծառայությունից տարկետում տրամադրելու հարցը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Աշոտյանի առաջարկությամբ ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկվել է Արթուր Աղաբեկյանի որդուն` 1992-ին ծնված Մխիթար Աղաբեկյանին մինչև 2012-ի գարնանային զորակոչը պարտադիր զինծառայությունից տարկետում տալու հարցը: Աղաբեկյան կրտսերը 2009-ին ընդունվել է Կանադայի Սենեկայի կիրառական արվեստների և տեխնոլոգիաների քոլեջ: ՀՀ օրենսդրությամբ տարկետումը տրամադրվում է արտասահմանյան հեղինակավոր բուհերի ուսանողներին, բայց կասկած չկա, որ այս դեպքում բացառություն կարվի: Աղաբեկյան ավագը չի ուզում որդին ծառայի, քանի որ բոլորից լավ գիտի բանակում արմատացած հոռի բարքերը: