«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, ի տարբերություն վերջին մի քանի տարիների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դասել է անազատ երկրների շարքում: Իր հոդվածում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանն այս առիթով վերլուծություն է ներկայացնում.
«Հայաստանցի փորձագետների մի մասն ափսոսանք է հայտնում, որ Ղարաբաղը կորցրել է իր առավելությունն Ադրբեջանի նկատմամբ`ազատության ռեյտինգում: Մյուս մասն էլ զարհուրելի անարդարություն է համարում, որ ԼՂՀ-ին կիսաազատների խմբից տեղափոխել են անազատների խումբ. իբր չէր կարելի այդպես վարվել Լեռնային Ղարաբաղի պես կուկլա պետության հետ:
Ինչ խոսք` Ղարաբաղը որպես հայրենիք, որպես Հայաստան, սրբություն է մեզնից յուրաքանչյուրի համար: Բայց սա չի նշանակաում, թե սրբություն է նաև այնտեղ հաստատված քաղաքական ռեժիմը: Եվ, ի վերջո, եկեք դադարենք կեղծել ինքներս մեր մասին խոսելիս: Գուցե, իսկապես, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Արա Հարությունյանը, նույնիսկ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը քաղաքական առումով մեղմ, կիսաազատ դեմքեր են: Բայց սա` թերևս այն պատճառով, որ Ղարաբաղում ընդդիմացման, այլակարծության ոչ մի դրսևորում չկա: Էն, որ Հայաստանը կիսաազատ երկիր է համարվում «Freedom House»-ի սանդղակում, հասկանալի է ինչ- որ տեղ. Հայաստանում քաղաքական ընդդիմություն կա, իշխանության համար ոչ վերահսկելի մի քանի թերթեր, ինտերնետային էջեր, հասարակական կազմակերպություններ: Ղարաբաղում որևէ այլընտրանք, այլ կարծիք գոյություն չունի: Վերջին այդպիսի դրսևորումը ղարաբաղյան պատերազմի վետերան, դաշնակցական, պատգամավորի թեկնածու Պավել Մանուկյանի ելույթն է եղել ԼՂՀ նախորդ խորհրդարանական ընտրություններում, բայց ԼՂՀ այն ժամանակվա ՊՆախարար Սեյրան Օհանյանը, մի խումբ գեներալների օգնությամբ, Պավլիկին սամասուդ արեց սեփական կաբինետում:
Սրանից հետո Ղարաբաղում վերջնականապես հաստատվեց «ազգային համաձայնության գաղջ մթնոլորտը»: Իսկ այդ նույն Սեյրան Օհանյանը Հայաստանում դարձել է պուպուշ նախարար , որովհետև Հայաստանում թերթեր կան դեռևս, որոնք թքած ունեն, թե նա քանի աստղ ունի պագոնների վրա: Ու ոչ միայն նա: Իսկ Ղարաբաղում նման թերթեր չկան: Իշխանությունն ուզում է, որ Հայաստանում էլ չլինեն: Եվ ընդհակառակը, Ռալֆ Յիրիկյանը, որ Հայաստանում պուպուշագույն մի երևույթ է, գիշեր-ցերեկ տեսախցիկների ուղեկցությամբ ձեռնափայտով տատիկ է ման գալիս` փողոցն անցկացնելու համար, Ղարաբաղում մոնոպոլիստ է, որ գրուզիտ է անում բաժանորդներին: Եվ մեղմացման ինչ-որ քայլեր է ձեռնարկում, երբ Հայաստանյան մամուլը բացահայտում է այս հասկանալի փաստը:
Այսպես, ահա, ոչ մի զարմանալի բան չկա, որ Ղարաբաղը համարվել է անազատ երկիր, զարմանալին այն էր, որ համարվում էր կիսաազատ:
Իսկ ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, ինչպես միշտ, հանդես է գալիս Քաջ Անդրանիկի դերում: Ասում է, որ ինքը հետևել է նախորդ տարի ԼՂՀ-ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ընթացքին և կարող է ասել, որ դրանք օրինակելի էին…նաև Հայաստանի համար: Սաֆարյանն ու իր ղեկավարները դեմ չէին լինի, եթե Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկում չորս կուսակցության անուն լիներ` ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ: Գիտե՞ք ինչ օրինակելի ընտրություններ կլինեին: ՀՀ քաղաքացին իրավունք կունենար ազատորեն ընտրել Սերժի, Ռոբերտի, Ռոբերտի և Սերժի միջև: Ազատորեն գրողը տանի»: