Facebook ու Google ընկերությունները մտադիր են գնել Twitter միկրոբլոգերի կայքը: Ամերիկյան լրատվամիջոցների տեղեկություններով` այս երկու հզոր ընկերությունները, ինչպես նաև մի շարք այլ ընկերություններ արդեն բանակցություններ են սկսել Twitter-ը գնելու վերաբերյալ:
Ամերիկյան ԶԼՄ-ների փոխանցմամբ` բացի նշված ընկերություններից, Twitter-ի համար այլ գնորդներ պատրաստ են վճարել մինչև 10 մլրդ դոլար: Հրապարակումներում ասվում է նաև, որ բանակցություններն առայժմ որոշակի արդյունքների չեն հանգեցրել, հաղորդում է Reuters-ը:
Google, Facebook և Twitter ընկերությունների ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունները:
Միևնույն ժամանակ, լավատեղյակ աղբյուրները նշում են, որ Twitter-ի ղեկավարությունը աշխատում է իր սեփական բիզնեսը հզոր և անկախ ընկերության վերածելու ուղղությամբ: Որոշ տեղեկությունների համաձայն` Twitter-ի ղեկավարությունն ապագայում կկարողանա ավելացնել ընկերության գինը մինչև 100 մլրդ դոլար:
Նշենք, որ Twitter-ից ակտիվորեն օգտնվում են նաև այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման, Լեյդի Գագան, Պոլ ՄկՔարթնին:
Վերջին շրջանում միկրոբլոգը սկսել է նաև կարևոր քաղաքական դեր խաղալ: Twitter-ի դերը ներկայիս իրականության մեջ առավել ակնհայտ դարձավ Եգիպտոսի և Թունիսի բողոքի ակցիաների ժամանակ, երբ միկրոբլոգը ծառայում էր միմյանց հետ հաղորդակցվելու, տեղեկատվությունը արագ կերպով փոխանցելու համար: