Home / Հայաստան / Գլխավոր ադրբեջանահային թույլ չտվեցին մասնակցել «Ադրբեջանի մենահամերգին»

Գլխավոր ադրբեջանահային թույլ չտվեցին մասնակցել «Ադրբեջանի մենահամերգին»

Ադրբեջանցիները տապալել են Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանի այցը Բրյուսել, որտեղ փետրվարի 9-ին ԵԱՀԿ շրջանակներում կայացել են քննարկումներ ղարաբաղյան փախստականների վերաբերյալ, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Այվազյանը:

«Հրավիրող կողմը` Դամիեն Աբադը, ով հանդիսանում է Եվրոմիություն-Կովկաս բարեկամական խմբի անդամ, հոգալով իմ այցի հետ կապված բոլոր ծախսերը, ինձ հրավիրել էր մասնակցել ԵԱՀԿ շրջանակներում անցկացվող քննարկումներին, որտեղ ես պետք է հանդիպեի Մարդու իրավուքների հանձնաժողովի, արտաքին հարցերի հանձնաժողովի և մի շարք այլ հանձնաժողովների հետ»,- ասել է նա:

Այվազյանը տեղեկացրել է, որ փետրվարի 7-ին ինքը համապատասխան փաստաթղթերը ներկայացրել է Հայաստանում Գերմանիայի դեսպանատուն, որպեսզի ստանա ելքի վիզա. փաստաթղթերի հետ միասին Գերմանիայի դեսպանատուն է ներկայացվել հրավիրող կողմի գրությունը` վիզա տրամադևրելու խնդրանքով:

«Ես ներկայացրել եմ փաստաթղթերը, և ինձ ասացին, որ ամսի 8-ին` ժամը 16:00, գնամ պատասխանը ստանալու: Սակայն ես գնացի ու ինձ ասացին, որ մերժում են, և նույնիսկ փորձում էին համոզել, որ փաստաթղթերը ետ վերցնեմ, իբր, նման բան չի եղել: Ես հարց եմ բարձրացնում` ի՞նչ պատճառով Գերմանիան շրջափակեց իմ այցը Բրյուսել»,- հայտարարել է բանախոսը:

Նա Բրյուսելում կայացած հավաքը որակել է որպես Ադրբեջանի մենահամերգ, որտեղ ադրբեջանցիները «լացել են կես միլիոն փախստականների հարցով»:

Այվազյանն ասել է, որ իրենք դիմելու են Հայ Դատի գրասենյակ և Ամերիկայի հայկական համագումարին, որպեսզի վերջիններս աջակցեն հանդիպումներ կազմակերպել տվյալ երկրի ղեկավարության, քաղաքացիների հետ, ներկայացնեն Բաքվում կատարված իրադարձությունները:

«Հայը և թուրքը չեն կարողանում մեկ տարածքում ապրել: Թող Գերմանիան չկարծի, որ բարեհաճ վերաբերմունք դրսևորելով` կկիսի Ադրբեջանի նավթադոլարները, քանի որ այդ քաղաքը մերն է»,- ասել է Գրիգորի Այվազյանը: