Home / Հայաստան / Բանակը սատարեց Մուբարաքի որոշումը. եգիպտացիները հիասթափված են

Բանակը սատարեց Մուբարաքի որոշումը. եգիպտացիները հիասթափված են

Եգիպտոսի Զինված ուժերի գերագույն խորհուրդը կողմ է հանդես եկել նախագահ Հոսնի Մուբարաքի` իր լիազորությունները մասամբ ներկայիս փոխ-նախագահ Օմար Սուլեյմանին հանձնելու գաղափարին:

Քիչ առաջ արված հայտարարության մեջ Եգիպտոսի բանակը խոստացել է 2011 թվականի սեպտեմբերին  «արդար և ազատ» նախագահական ընտրություններ ապահովել և վերացնել երկրում մոտ 30 տարի տիրող արտակարգ իրավիճակը, հաղորդում է AP-ն:

Զինվորական պաշտոնյաների հայտարարությունը հիասափեցրել է ցուցարարներին, որոնք ակնկալում էին վերջիններիս աջակցությունը:

Նշենք, որ այս րոպեներին Եգիպտոսի Թահրիր հրապարակ են շարժվում հազարավոր մարդիկ, ովքեր շարունակում են հակակառավարական ցույցերը և պահանջում են ռեժիմի հրաժարականը:

Al Jazeera-ի փոխանցմամբ` ուրբաթօրյա աղոթքից հետո Եգիպտոսի Ազատության հրապարակում միլիոնից ավելի ցուցարարների հոսք է սպասվում:

Այս պահին տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել են նաև Ալեքսանդրիայում: Այստեղ ևս մարդկանց մեծաթիվ բազմություն է սպասվում:

Եգիպտոսի պետական հեռուստաընկերությունը հաղորդում է, որ իր աշխատակիցները չեն կարողանում մուտք ու ելք անել հեռուստաընկերության շենք, քանի որ այն շրջափակված է ցուցարարներով: