Եգիպտոսի Թահրիր հրապարակում անասելի ցնծություն է տիրում:
Ինչպես Epress.am-ի հետ հեռախոսազրույցում րոպեներ առաջ հայտնեց հրապարակում գտնվող Անժելա Հարությունյանը, Մուբարաքի հրաժարականի մասին լուրն իմանալուց անմիջապես հետո բոլոր բարիկադները քանդվեցին: Տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր ուրբաթ օրը ցույցեր էին անցկացնում Կահիրեի տարբեր հատվածներում, շտապել են դեպի Թահրիր:
Ժողովուրդն էյֆորիայի մեջ է: Նրանք տոնում են 18-օրյա պայքարի արդյունքում տոնած հաղթանակը:
Անժելա Հարությունյանի փոխանցմամբ` նախագահի հրաժարականի մասին լուրը Թահրիր հասավ ուրբաթօրյա աղոթքի ժամանակ: Հրապարակում գտնվողների մի մասը սկսեց բարձր բացականչել, ցնծալ, իսկ այն մահմեդականները, որոնք այդ պահին աղոթում էին, բացարձակ լուռ մնացին և միայն աղոթքն ավարտելուց հետո ոտքի ելան ու միացան տոնախմբությանը:
Այս պահին հրապարակում ոչ ոք չի խոսում հետագա քաղաքական քայլերի մասին:
Եգիպտացիները Մուբարաքի հրաժարականն անվանում են բացառիկ հաղթանակ Եգիպտոսի ժողովրդի համար: