«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը չի հասկանում, թե ինչու են կոալիցիոն զարգացումներն այդքան հետաքրքում իր ընդդիմադիր գործընկերներին:
«Իմ անձնական կարծիքով` կոալիցիայի ներսի բոլոր կուսակցությունները, վերջիվերջո, ծառայել և ծառայում են նույն համակարգին, համակարգային որևէ փոփոխություն նրանք չեն ցանկանում, այդ թվում նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը», – նշել է բանախոսը:
Այլ հարց է, որ երկրորդ և երրորդ անձինք, որոնք, ըստ Արամ Կարապետյանի, իրենց նախագահ են հռչակել` Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, փորձում են առավել «առաջ ընկնել, որովհետև 2012-13 թվականի ընտրություններն այդ մարդկանց, նրանց կարողությունների համար դառնալու են բախտորոշ»:
«Ռոբերտ Քոչարյանի` Մոսկվայում գտնվելու ընթացքում նրա հանդիպումների շարքը և գործողությունները ցույց են տալիս, որ նա ունի բավականաչափ լուրջ տնտեսական խնդիրներ (նկատի ունի բիզնեսներ – Epress.am), այդ թվում` արտերկրում», – ասել է Կարապետյանը: Նա նաև տեղեկացրել է Սերժ Սարգսյանի` արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների մասին` մոտ ժամանակներում Մոսկվա այցելության և Մեդվեդևի հետ հանդիպելու վերաբերյալ:
«Սերժ Սարգսյանն ուզում է հասկանալ, թե Ռուսաստանը, վերջիվերջո, ինչպիսի քաղաքականություն է որդեգրելու Անդրկովկասում», – ասել է Կարապետյանը:
Նա նաև հիշեցրել է, որ ամեն անգամ, երբ վիճակը ծանրանում է, Հայաստանի իշխանությունները բավական հստակ փորձում են ստանալ ՌԴ իշխանությունների աջակցությունը:
«Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան թեժացումը զուտ տնտեսական խնդիր է: Ռոբերտ Քոչարյանը պետք է վերջիվերջո գտնի իր տեղը»,- ասել է բանախոսը:
Քոչարյանի` նախագահական ընտրություններում առաջադրվելը Կարապետյանը ևս կապում է Ռուսաստանի հետ. եթե Պուտինը կառաջադրվի, Քոչարյանը նույնպես կառաջադրվի:
Ըստ Կարապետյանի` կոալիցիայի ներսում գոյություն ունի հետևյալ խնդիրը` պայքարի հիմնական թեզերը և կետերը տնտեսական լծակներից այս կամ այն մարդկանց զրկելը կամ այս կամ այլ մարդկանց տնտեսական լծակներով օժտելը:
Բացի դրանից, Կարապետյանի խոսքով, կոալիցիայի ներսում չկա բախում Հայաստանի տնտեսական և քաղաքական համակարգը փոփոխելու համար: Այդ իսկ պատճառով, ըստ նրա, այս «խաղերը» չպետք է հետաքրքրեն ընդդիմությանը:
Խոսելով ընդդիմության «տանիքի» մասին` Կարապետյանը նշել է, որ մասնավոր դեպքերում կան նաև «տանիքավորներ»: «Ես կարծում եմ` Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական տանիք չունի», – մեկնաբանել է նա` հավելելով, որ հազիվ թե ՀԱԿ առաջնորդը տանիք ունենա հետագայում: