Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարությամբ ողջունել է եգիպտացիներին որակելով Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը որպես ժողովրդի կողմից «ազատության նվաճում»:
«Տապալվեց հերթական բռնապետությունը։ Հրաժարական տվեց 30 տարի շարունակ Եգիպտոսում իշխող նախագահ Մուբարաքը։ Եգիպտոսի ժողովուրդը, միասնական քաղաքական կամք դրսեւորելով, նվաճեց իր ազատությունը։ Ղրղզստանից և Թունիսից հետո ևս մեկ անգամ ապացուցվեց, որ իրոք համաժողովրդական խաղաղ համախմբման, մոբիլիզացիայի դեմ անզոր է աշխարհի ցանկացած բռնապետ։
Հայ Ազգային Կոնգրեսը ողջունում է եգիպտական ժողովրդի հաղթանակը։ Վերջնական ու անշրջելի հաղթանակի հասնելու համար դեռ կան լուրջ բարդություններ և անելիքներ։ Մաղթում ենք, որ նա հաջողությամբ լուծի անցման խիստ պատասխանատու և նուրբ շրջանի կարևորագույն այդ խնդիրները, ժողովրդավարական ընտրությունների միջոցով ձևավորի իր կամքն արտահայտող այնպիսի լեգիտիմ իշխանություն, որը կարճ ժամանակում կկարողանա մաքրել իր Ավգյան ախոռները», – ասված է Կոնգրեսի հայտարարության մեջ։