Միջազգային փորձագետների տված տվյալներին պետք չէ մոտենալ միայն այն տեսակետից, թե նրանք պատվեր են կատարում, այսօր «Միջազգային ճգնաժամային խմբի» վերջին զեկույցն է մեկնաբանել «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
Հիշեցնենք, որ զեկույցի հեղինակները, մասնավորապես, Ղարաբաղը դասել էին անազատ երկրների շարքին:
«Այդ փորձագիտական տվյալների մեջ պետք է տեսնել նաև անալիզի շատ լուրջ հատիկներ: Ես համաձայն եմ նրա հետ, որ, եթե Ղարաբաղի խնդրի լուծում այսօր չկա, աճում է պատերազմի վտանգը», – հայտարարել է բանախոսը:
Նրա կարծիքով` երբ հեղափոխությունների ալիքը մոտենա Իրանին, Իրանի խնդիրը դառնալու է առաջնահերթներից մեկը:
«Եթե դուք նայեք` այդ սառեցված հակամարտությունները ինչպիսի լավ խայծ ու թիրախ են տարածաշրջանի ապակայունացման համար, դուք կհասկանաք, թե ինչ է ասում այդ խումբը: Խումբն ասում է, որ սառեցված հակամարտությունը, որը լուծում չի գտնում, կարող է բերել սպոնտան պատերազմի, որովհետև Ադրբեջանի ներսում ընթանում է կլանների պայքար և շատ լուրջ իսլամիզացիա, այս ամենը կարող է բերել սպոնտան պռոցեսների», – կարծում է Արամ Կարապետյանը:
Ըստ նրա` եթե ԱՄՆ-ն կամ Իսրայելը մտածեն Իրանի հետ կապված խնդիրների շուրջ, այդ դեպքում ամենալավ ապակայունացնող գործոններից մեկը կլինի ղարաբաղյան հակամարտությունը: