Երևանի նախկին քաղաքապետ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը «Առավաոտ» օրաթերթին տված հարցազրույցում անդրադարձել է իշխող կոալիցիայում տիրող իրավիճակին:
-Տպավորություն չունե՞ք, որ խորհրդարանական ընտրությունների ընդառաջ` հիմնականում բանավեճերը կարծես ընթանում են ոչ այնքան իշխանության և ընդդիմության միջև, այլ հենց իշխանության մեջ` հանձինս ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի , և ընդդիմության մեջ` հանձինս ՀԱԿ-ի, «Ժառանգության» և ՀՅԴ-ի:
– Իշխանական այս վիճաբանությունը` ՀՀԿ և Ռոբերտ Քոչարյանի, ԲՀԿ-ի միջև, բացառիկ էր, երկու կողմն էլ փաստերը ներկայացնելու առումով բացարձակ ճիշտ էին: Բոլորի համար էլ հասկանալի, որ ԲՀԿ-ն նախագահականում ստեղծված «պրոյեկտ» է, և դա այնքան բացահայտ էր արվում , որ ԲՀԿ-ի շուրջ ինտելեկտուալ զանգված ապահովելու համար ներգրավվող մտավորականների և գլխավոր բժիշկների կոհորտայից շատերը հետո գնում ` իրենց դարդը պատմում էին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին և խորհուրդ հարցնում, թե ինչպես վարվեն: Ու ո՞նց կարող էր առանց Ռոբերտ Քոչարյանի մեկը ներառվել ՀՀԿ-ի ցուցակում: Այնպես որ` զուտ փաստերի առումով երկուստեք ճիշտ են, բայց փաստերը մեկնաբանելու առումով գզվռտոցն անհասկանալի է: Եվ համոզված եմ, եթե Սերժ Սարգսյանը չսանձի` ՀՀԿ-ական ակտիվ ու ագրեսիվ երիտասարդները շատ կարճ ժամանակ անց կնախաձեռնեն Ռոբերտ Քոչարյանի հարցով Հաագայի դատարան դիմելու ստորագրահավաք:
Ինչ վերաբերում է ընդդիմությանը` այս կամ այն քաղաքական ուժին, որը իրեն ընդդիմադիր է համարում(իրենց խղճին եմ թողնում չեմ ուզում դա մեկնաբանել) իհարկե, ցավ եմ ապրում, որ երբեմն անտեղի, հանիրավի գզվռտոցներ լինում են ընդդիմության շարքերում էլ: Ասենք, մեկնաբանությունները, որոնք արվում են ՀԱԿ-ի հասցեին, թե մեզնից բացի` իբր ուրիշին չենք տեսնում , թյուրըմբռնման հետևանք են կամ էլ ՀԱԿ-ի այս կամ այն անդամի արտահայտած կարծիքի մեկնաբանություն: