Home / Հայաստան / Պատգամավորը հանդիպել է առևտրականների հետ. Որոշվեց հաջորդ ակցիայի վայրը

Պատգամավորը հանդիպել է առևտրականների հետ. Որոշվեց հաջորդ ակցիայի վայրը

ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանն այսօր կուսակցության գրասենյակում հանդիպել է բացօթյա առևտուր իրականացնող մարդկանց հետ և քննարկել ստեղծված իրավիճակն ու հետագա քայլերը:

Հիշեցնենք, որ արդեն մոտ մեկ ամիս շարունակ մարդիկ բողոքում են բացօթյա առևտուրն արգելող որոշման դեմ` ակցիաներ անցկացնելով Երևանի քաղաքապետարանի, Ազգային Ժողովի և նախագահական նստավայրի առջև:

Epress.am-ի հետ զրույցում Զարուհի Փաստանջյանն ասել է, որ առևտրականների հետ զրույցը կազմակերպչական բնույթ էր կրում և բավական կառուցողական էր:

«Առևտրականները որոշեցին իրենց միջից կոորդինատորներ ընտրել և համակարգել գործողությունները»-, հայտնել է Փոստանջյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ առևտրականների հաջորդ բողոքի ակցիան տեղի է ունենալու երկուշաբթի օրը` փետրվարի 14-ին, ժամը 12:00-ին, Հանրային ռադիոյի շենքի առջև:

«Այդ մարդիկ նաև նախաձեռնել են ստորագրահավաք, որով իրենց պահանջ-վերջնագիրն են ներկայացնելու ՀՀ իշխանություններին, իսկ ակցիայի օրը իրենք կձևակերպեն և Հանրային ռադիոյին կներկայացնեն իրենց պահանջը»,- ասել է մեր զրուցակիցը: