Փետրվարի 12-ին, տեղի ժամանակով 14.00-ին Մոսկվայի Թատերական (Տեատրալնայա) հրապարակում մեկնարկեց իշխանությունների կողմից արտոնված «Ցասման օրը»:
Ակցիան անցել է «Ժամանակն է փոխել իշխանությունը, ժամանակն է փոխել ուղղությունը», «Ոչ գների և սակագների աճին», «Վերադարձնենք քաղաքը, կարգ ու կանոն հաստատենք Մոսկվայում» կարգախոսների ներքո, հաղորդում է Gazeta.ru-n` հղում կատարելով «Ձախ ճակատ» շարժման առաջնորդ Սերգեյ Ուդալցովին:
Նրա խոսքով` ակցիայի մասնակիցները հրապարակ են բերել «սև նշաններ» (սև գույնի առարկաներ)` որպես իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականության հանդեպ անվստահության խորհրդանիշ:
Ակցիայի ավարտից հետո կայացել է ստորագրահավաք` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին ուղղված պահանջներով: Մոտ 250 մարդ շարժվել է դեպի նախագահի նստավայր` փաստաթուղթը հանձնելու համար, սակայն ՕՄՈՆ-ի ներկայացուցիչները սկսել են ձերբակալումներ իրականացնել:
«Սկզբում ամեն ինչ խաղաղ էր ընթանում: Ոստիկանությունը չէր միջամտում: Սակայն երբ մենք շարժվեցինք դեպի նախագահական, ՕՄՈՆականները սկսեցին միջամտել: Ամեն ինչ շատ կոպիտ էր ընթանում: Ձերբակալվել է ավելի քան 20 մարդ, այդ թվում` ես: Այժմ մենք նստած ենք ոստիկանական մեքենայում: Չգիտենք` որտեղ են մեզ տանելու», – հայտնել էր Ուդալցովը: