Ալժիրի իշխանությունները պետության մայրաքաղաքը զինում են ոստիկանության ուժերով` բողոքի երթը կանխելու նպատակով, որը ընդդիմությունը պատրաստվում է իրականացնել շաբաթ օրը` փետրվարի 12-ին: Ինչպես հաղորդում է AFP-ն, 10 հազար ոստիկաններ տեղափոխվել են մայրաքաղաք:
Reuters-ը նշում է, որ Ալժիր քաղաքի կենտրոնում հազարավոր զինված ոստիկաններ են շրջում:
Հաղորդվում է նաև, որ տեղի բնակչությունը մեծ քանակությամբ մթերքներ է գնում` վախենալով երկրում արտակարգ իրավիճակից:
AFP-ի փոխանցմամբ` 2011 թվականի հունվարից մինչ օրս 4 ալժիրցիներ են ինքնահրկիզվել` ի նշան կառավարության դեմ բողոքի: Գործակալությունը նշում է, որ այդ մարդիկ, ամենայն հավանականությամբ, ոգեշնչվել են Թունիսի օրինակից, որտեղ նման արարքը զանգվածային ցույցերի համար խթան հանդիսացավ, ինչի արդյունքում էլ երկրի ղեկավար Բեն Ալին պաշտոնանկ արվեց:
Փետրվարի 3-ին Ալժիրի նախագահ Աբդել ազիզ Բուտեֆլիկան հայտարարել է, որ շուտով կսկսի քաղաքական բարեփոխումներ իրականացնել: