«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով, Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում Սոցիալական պետական ծառայությունում հայտնաբերված խախտումների առիթով:
Խոսքն այն մեռյալ հոգիների` չեղած կենսաթոշակառուների մասին է, որոնք հայտնաբերվել են Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում: Վերջին շրջանում սոցիալական ծառայության մարզային կառույցներից մարդիկ են հրավիրվել ՀՔԾ` հարցաքննության: ՀՀ գլխավոր դատախազությունը համառորեն հերքում է այս լուրերը` ասելով, որ որևէ գործ այդ առումով չի հարուցվել: «Վերահսկիչ պալատից մենք որևէ նյութ չենք ստացել: Իսկ մենք գործին կարող ենք ընթացք տալ այն դեպքում, երբ մեզ կուղարկվեն համապատասխան նյութեր: Օրենքում հստակ ամրագրված է այդ կարգը»,- ասաց դատախազության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը: Մենք տեղեկացանք, որ հունվար ամսին «Հայփոստի» բաժանմունքներում մոտ 8 հազարով պակաս թոշակառու է կենսաթոշակ ստացել, քան նոյեմբեր ամսին: Գումարային առումով պակաս է վճարվել մոտ 800 մլն դրամի թոշակ, ինչը վկայում է, որ մեռած հոգիների քանակը շատ ավելի մեծ է եղել, քան մինչ օրս հայտարարվում էր: