Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել այն երիտասարդ ակտիվիստների նկատմամբ հալածանքները, ովքեր ձերբակալվել են Facebook սոցիալական ցանցում խաղաղ հակակառավարական ցույցեր կազմակերպելու կոչեր անելու համար:
Ջաբար Սավալանը 2-ամսյա նախնական կալանքի է դատապարտվել թմրանյութեր օգտագործելու մեղադրանքով, այն բանից հետո երբ նա Facebook սոցիալական ցանցում, ոգեշնչված լինելով Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ցույցերից, կոչ է արել Ադրբեջանում «Ցասման օր» հայտարարել:
Էլչին Հասանովը բերման է ենթարկվել փետրվարի 9-ին, երբ Facebook սոցիալական ցանցում կոչ է արել բողոքի ակցիա կազմակերպել` ի պաշտպանություն բանտում գտնվող Ջաբար Սավալանի: Ոստիկանությունը հարցաքննել է նրան, և պահանջել Facebook-ից ջնջել հաղորդագրությունը և ներողություն խնդրել, սակայն Էլչինը դա չի արել:
Սավալանը ձերբակալվել է Սումգայիթ քաղաքում փետրվարի 5-ի երեկոյան տուն վերադառնալու ճանապարհին. դա հենց այն օրն էր, երբ նա Facebook-ում Բաքվի Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու կոչ էր տեղադրել էր:
Ոստիկանությունը խուզարկել էր Սավալանի բնակարանը մինչ նա կազմակերպության գրասենյակում էր:
Իր ձերբակալությունից մեկ ամիս առաջ ակտիվիստն Ադրբեջանի նախագահի վերաբերյալ քննադատական հոդված էր տեղադրել Facebook-ում, որը տպվել էր թուրքական թերթում: Նա նաև մասնակցել էր հունվարի 20-ին տեղի ունեցած հակակառավարական ցույցերին:
Սավալանի փաստաբանի խոսքով՝ ոստիկանությունը ուժ կիրառելով նստեցրել է նրան ոստիկանական մեքենա` առանց խուզարկելու և առանց ձերբակալման մասին համապատասխան գրություն ցույց տալու:
Ավելի ուշ նրան խուզարկել են ոստիկանական բաժանմունքում, որտեղ, համաձայն ոստիկանության հաղորդման, գտնել են 0.74 գրամ մարիխուանա նրա վերարկուի գրպանում: Նրան մեղադրանք են առաջադրել` թմրանյութեր պահելու և օգտագործելու համար:
Փետրվարի 7-ին Սումգայիթի շրջանային դատարանը որոշում է կայացրել 2-ամսյա նախնական կալանքի տակ առնել Սավալանին: Եթե նրա մեղքն ապացուցվի, ակտիվիստը կարող է դատապարտվել մինչև երեք տարի ազատազրկման:
Սավալանի ընկերներն ու հարազատներն ասում են, որ նա երբեք թմրանյութեր չի օգտագործել: Նրա փաստաբանը անկախ բժշկական փորձաքննություն անցկացնելու առաջարկով է հանդես եկել: Առայժմ իշխանությունները չեն արձագանքում փաստաբանի պահանջին: