«Առավոտ» օրաթերթի հետ զրույցում Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը խոսել է ՀՀԿ-ԲՀԿ փոխհարաբերությունների և իշխանական թեև վերջին շրջանում քաղաքական դաշտում ակտիվացման մասին:
Սարգսյանը կարծիք հայտնեց, որ խնդիրն ամենևին էլ այն չէ, թե ինչու են կոալիցիոն ուժերը քննարկում ընտրությունների վերաբերյալ իրենց դիրքոշման խնդիրը. «Հարցն այն է, թե ինչո՞ւ է դա հատկապես այսօր արվում: Ես էլ եմ կարծում, որ ներիշխանական շատ հստակ ճգնաժամ կա, և այն բոլոր առաջարկները` կողմնորոշվելու վերաբերյալ, որ արվում են` ընդամենը դրա ախտանշաններն են, որոնք հուշում են, որ կոալիցիայի ներսում երկրում ընդհանրապես լուրջ խնդիրներ գոյություն ունեն: Թե հատկապես ի՞նչ խնդիրներ` դժվար է հստակ ասել: Դրանք կարող են տարբեր լինել, բայց նախ` պետք է պարզել, թե ի՞նչ է կատարվում այսօր»: Մանվել Սարգսյանը փորձեց ենթադրել, որ դրա պատճառը կուտակվող ներքին` խորացող սոցիալական, քաղաքական խնդիրներ են, արտաքին ճնշումները, նաև` եգիպտական հեղափոխության` Հայաստանում հնարավոր արձագանքի նկատմամբ երկյուղը:
«Ինչ-որ բան է կատարվել, որ բոլորը խառնվել են իրար: Տեսակետներ և մեկնաբանություններ կարող են շատ լինել: Հնարավոր է, որ Հայաստանում սոցիալական բողոքի բարձրացող ալիքն է ստիպում նրանց միավորվել, բայց ամբողջ խնդիրն այն է, որ դա նրանց ոչ թե միավորում է, այլ այդ վիճակը նրանցից յուրաքանչյուրը փորձում է օգտագործել իր շահերից ելնելով` իր դիրքերն ամրապնդելու և պահանջներ ներկայացնելու համար»,- եզրակացարել է Մանվել Սարգսյանը: