Home / Հայաստան / Գիշերային ակումբում ծեծի ենթարկված հայ քահանային կփոխարինե՞ն

Գիշերային ակումբում ծեծի ենթարկված հայ քահանային կփոխարինե՞ն

Գիշերային ակումբում ծեծի ենթարկված Բուլղարիայի Վառնա քաղաքի Հայ Առաքելական եկեղեցու սպասավոր տեր Սարգիս քահանա Հովհաննիսյանի հարցը մնում է Էջմիածնի օրակարգում: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մամուլի դիվանի խոսնակ Վահրամ Մելիքյանը:

Նրա խոսքով` Վեհափառ Հայրապետի հանձնարարականով առաջնորդական տեղապահ է նշանակվել, ով մարտի մեկից արդեն կանցնի իր պարտականությունների կատարմանը:

Հիշեցնենք, որ 2010 թվականի հուլիսի 31-ի գիշերը տեր Սարգիս քահանա Հովհաննիսյանը հարձակման էր ենթարկվել  հայտնի Զլատի պյասցի հանգստավայրի «Արոգանս» գիշերային ակումբում: Զուգարան գնալու ճանապարհին նրա վրա մի քանի մարդ էր հարձակվել և հարվածներ հասցրել գլխին: Վնասվել էր քահանայի աջ աչքը: Տեղի հիվանդանոցներից մեկում նրան շտապ վիրահատել էին, երկար ժամանակ վտանգ կար, որ եկեղեցականը կարող էր կույր մնալ:

Ոստիկանության ներկայացուցչի հետ զրույցում քահանան ասել էր, որ ինքը Ռուսաստանից եկած ընկերոջ հետ էր այցելել ակումբ, որտեղ իրենք ընդամենը «2 հատ հիսուն վիսկի էին խմել»:

Բուլղարիայի հայ համայնքում լուրեր են շրջանառվում, որ տեր Սարգիսը ներգրավված է նաև թմրանյութերի բիզնեսի մեջ:

«Մենք հետևողականություն ենք ցուցաբերում և միայն նրա հետ հանդիպումից և զրույցից հետո կկարողանանք համապատասխան արձագանք տալ: Մինչ այդ ես ավելի մանրամասն ոչինչ չեմ կարող ասել»,- ասել է տեր Վահրամը` արձագանքելով մեր այն դիտարկմանը, թե Բուլղարիայի հայ համայնքի փոխանցմամբ` տեր Սարգիսը գերազանց առողջական վիճակում է գտնվում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեր Վահրամը փոխանցել էր Epress.am-ին, որ տեր Սարգիս քահանա Հովհաննիսյանին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրավիրել է զրույցի, սակայն վերջինս չի ներկայացել, քանի որ ապաքինման մեջ է: