Այսօր Սուրբ Վալենտինի օրն է` տոն, որը փետրվարի 14-ին նշում են գրեթե ողջ աշխարհում: Տոնն իր անունը ստացել է վաղ քրիստոնեական հալածյալներից երկուսի պատվին:
Այդ օրն ընդունված է սիրելի մարդկանց տարբեր նվերներ մատուցել, հիմնականում` ծաղիկներ, քաղցրավենիք, խաղալիքներ, փուչիկներ և հատուկ բացիկներ` սրտիկների ձևով, որոնց միջոցով շատ մարդիկ սեր են խոստովանում իրենց սիրելիներին:
Տարբեր երկրներում Սուրբ Վալենտինի օրը տարբեր կերպ են նշում` ըստ ձևավորված ավանդույթի, սակայն գրեթե ամեն տեղ սիրահարված զույգերը հաճախ այդ օրն են պսակադրվում ու կազմակերպում հարսանեկան հանդիսությունները:
Որոշ երկրներում ընդունված է փետրվարի 14-ին սիրած աղջիկներին հագուստ նվիրել. եթե աղջիկն ընդունում է նվերը, դա նշանակում է, որ նա համաձայն է ամուսնանալ նվերը մատուցողի հետ:
Գոյություն ունի հավատալիք, համաձայն որի` այն տղամարդը, որին աղջիկն առաջինն է հանդիպում փետրվարի 14-ին, պետք է հետագայում նրա ամուսինը դառնա:
Հռոմում Վալենտինի օրը մեծ կարևորություն էին տալիս գուշակություններին. այդ ավանդույթը Եվրոպայում պահպանվել է նաև այսօր: Համարվում է, որ հենց այս օրը` փետրվարի 14-ին, թռչուններն ընտրում են իրենց զույգին, և մարդիկ պետք է շտապեն նույնն անել: Այդ իսկ պատճառով աղջիկները Եվրոպայում իրենց անուններն են գրում թղթի վրա և գցում հատուկ արկղերի մեջ, իսկ հետո տղաները արկղից հանում են անուններով թղթերը` այսպիսով ընտրելով տարվա զույգին:
Ճապոնիայում Վալենտինի օրն ընդունված է շոկոլադ նվիրել: Ի դեպ, այս երկրում Վալենտինի օրը հիշեցնում է «Մարտի 8 տղամարդկանց համար», քանի որ ճապոնացի տղամարդիկ այդ օրը բազմաթիվ նվերներ են ստանում սիրեցյալներից:
Կրքոտ ֆրանսիացիների մոտ Վալենտինի օրն ընդունված է թանկարժեք իրեր նվիրել, իսկ ռոմանտիկ Դանիայում մարդիկ իրար չորացրած սպիտակ ծաղիկներ են ուղարկում:
Մեծ Բրիտանիայում աղջիկներն արթնանում են մինչև արևածագը և նայում պատուհանից: Համաձայն հավատամքի` այն տղամարդը, որին նրանք առաջինն են տեսնում, դառնալու է իրենց ամուսինը:
Դանիայում տղամարդիկ իրենց սիրելիներին բացիկներ են ուղարկում` առանց իրենց անունը նշելու: Եթե աղջիկը կռահի` ումից է բացիկը, ապա Զատիկի օրը պետք է նրան շոկոլադե ձու ուղարկի: Իսպանիայում տղամարդիկ այդ օրն իրենց սիրելիներին միայն ծաղիկներ են նվիրում, իսկ վերջիններս, իրենց հերթին, նվերներ են մատուցում տղամարդկանց: