Home / Հայաստան / «Ինձ լռեցնել հնարավոր չէ». Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

«Ինձ լռեցնել հնարավոր չէ». Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

Փետրվարի 14-ին «Արթիկ» ՔԿՀ վարչական շենքում տեղի ունեցած դատական նիստից առաջ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Իմ նկատմամբ կիրառված բանտային ապօրինությունների ցանկը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում շարունակում է համալրվել:

Շուրջ երկուսուկես ամիս զրկված եմ նամակներ ուղարկելու հնարավորությունից, իրավունք, որ երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով, ՔԿՀ-ների ներքին կանոնակարգով: Ի հեճուկս ՀՀ օերնքների, «Արթիկ» ՔԿՀ վարչակազմը հրաժարվում է ընդունել կամ ուղարկել իմ նամակները, ինչն անելը նրա ուղղակի պարտավորությունն է: Նաև ինձ հնարավորություն չի տրվում որևէ փաստաթուղթ փոխանցել իմ փաստաբաններին, նույնիսկ այնպիսիք, որ կազմված են Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի հղած հարցերին ի պատասխան:

Արտաքին աշխարհի հետ իմ շփումների սահմանափակումները շարունակում են ահագնանալ` ի հեճուկս ՀՀ օրենսդրության պահանջների:

Այս ամենի մասին ահազանգել են զանգվածային լրատվության միջոցները, իրավապաշտպան կազմակերպություններ, իմ փաստաբանները, հարազատներս, ես` ինքս: Այդ ահազանգերի արդյունքում ապօրինությունները ոչ միայն չեն դադարել, այլև ավելի են ահագնացել: Սա անառարկելի ապացույցն է այն բանի, որ դրանք հրահանգավորված են Հայաստանի իշխանությունը բռնազավթած վերնախավի կողմից: Սերժանտական վարչախմբին հանգիստ  չի տալիս այն միտքը, որ նույնիսկ արտառոց միջոցների գնով հնարավոր չի եղել կասեցնել իմ լրագրողական և քաղաքական գործունեությունը:

Աղաղակող ապօրինությունների միջոցով վարչախումբը հույս ունի ինձ ստիպել դադարեցնել լրագրողական և քաղաքական գործունեությունս, որպիսի պահանջը արդեն բացահայտ ներկայացվում է փորձ անելով ինձ պարտադրել ազատություն մուրացողի կարգավիճակ:

Սույն հայտարարությամբ հարկ եմ համարում եւս մեկ անգամ փաստել ի լուր հանրության.

– ինձ պայմաններ պարտադրելու սերժանտական  իշխանության փորձերը դատապարտված են ձախողման: Իմ կյանքը դրված է հանուն Ազատ և Երջանիկ Հայաստանի մղվող պայքարի զոհասեղանին: Հանուն Ճշմարտության, Ազատության, Օրինականության, Մարդու իրավունքների, Խոսքի ազատության պայքարելու եմ մինչեւ վերջ` անկախ նրանից ազատության մեջ կլինեմ, թե բանտում:

Այս պայքարին իմ նվիրվածությունը հնարավոր չէ սասանել` որևէ սպառնալիքի կամ ապօրինության ներքո: Ինձ հնարավոր չէ լռեցնել, ինձ հնարավոր չէ կասեցնել…

Մեր պայքարը անկասելի է, մեր Հաղթանակը անխուսափելի է:

Հայաստանի բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում հանուն սեփական իրավունքների, արժանապատվության եւ բարեկեցության պայքարել անզիջում, պայքարել մինչև վերջ:

Եվ ուրեմն` Կեցցե Ազատությունը,

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը

Կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում:

Նիկոլ Փաշինյան»: