Այսօր Աֆղանստանից Խորհրդային զորքերի դուրս բերման 22-ամյակի կապակցությամբ Աֆղանստանի պատերազմին մասնակցած հայաստանցիները հավաքվել են Երևանի Հաղթանակի զբոսայգում` հարգանքի տուրք մատուցելու իրենց զոհված ընկերների հիշատակին: Երկու տարի առաջ զբոսայգում տեղադրվել է հուշարձան` նվիրված Աֆղանստանի պատերազմի մասնակից հայ զինվորների հիշատակին. հուշարձանի մոտ էլ Աֆղանստանի պատերազմի վետերանները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել:
Նշենք, որ Հայաստանից Աֆղանստան մեկնել էր 3700 զինվոր և 400 սպա, որոնցից 86-ը զոհվել են: Աֆղանստանի պատերզամի մասնակիցներից շատերը հետագայում մասնակցել են նաև Արցախյան ազատամարտին, որոնցից 160-ը զոհվել է այդ պատերզամի ժամանակ:
ԱԺ պատգամավոր Արմեն Մխիթարյանը, ով նաև Աֆղանստանի վետերանների միության նախագահն է, լրագրողների հետ զրույցում ասել է. «Մեր տղաները նշում են այդ օրը, հավաքվում ենք, հիշում ենք մեր անցած օրերը, մասնակցում են բոլորը: Այսօր տղաներ ունենք, որոնք ծառայում են մեր հայկական բանակում, Ազգային անվտանգությունում, ՆԳՆ-ում, շատերն արդեն թոշակի են անցել: Նրանք անտեսված չեն, բայց կան բավական պրոբլեմներ, տղաների մեծ մասը աշխատանք չունի: Շատերը երկու պատերազմ են անցել: Այսօր հանրապետություններ կան, որտեղ Աֆղանստանի պատերազմի մասնակիցները բավական մեծ թոշակներ են ստանում, արտոնություններ ունեն: Այն պետությունները, որտեղ ֆինանսապես բյուջեն մի քիչ աղքատ է, այնտեղ իրավիճակը վատ է»:
Մխիթարյանը նշել է, որ այսօր յուրաքանչյուր վետերանի տալիս են 4000 դրամի օգնություն` տրանսպորտային վճարումներ իրականացնելու համար:
Վետերաններից մեկը` Սանասար Սահակյանը, լրագրողների հետ զրույցում ասել է, որ պետությունն իրենց որոշակի օգնություն է ցուցաբերում, սակայն պետությունը այն հնարավորությունը չունի, որ ավելի շատ օգնի, բայց հնարավորությունների չափով օգնում է: «Կոմունալ վճարումները պետության կողմից վերացել են: Մինչև 2000 թիվը կար: Վետերանների համար շատ մեծ խնդիր է աշխատանքի հարցը, և եթե հարցերը լուծվի, վատ չի լինի»,- ասել է Սանասար Սահակյանը:
Աֆղանստանի պատերազմի մեկ այլ մասնակից` Լևոն Բալիբեկյանը, ով զրկված էր մեկ ոտքից, լրագրողների այն հարցին, թե ինչ չափով է պետությունն իրենց աջակցում, ասել է. «Մենք ընկերներով ենք, իրար միշտ էլ ուշադրություն դարձնում ենք: Պետությունից էլ օգնություն ստանում ենք: Որպես վիրավորի ինձ բարձր նպաստ են տալիս` 63 000 դրամ, որն այսօրվա ապրելուն, իհարկե, չի բավականացնում»,-ասել է վետերանը: