Ադրբեջանի օգնությամբ փորձ է արվում նվազագույնի հասցնել Հայաստանի` Արևմուտքի հետ ավելի սերտ կապեր հաստատելու փորձերը: Այս մասին ռուսաստանյան «Պոստմոդերնիզմի աշխարհաքաղաքականություն» պարբերականում գրում է վերլուծաբան Իգոր Մուրադյանը:
Նրա կարծիքով` Ադրբեջանի իշխանությունները փորձում են կրկնօրինակել Հայաստանի արտաքին քաղաքականության մոդելը և ավելի բազմակողմանի քաղաքականություն իրականացնել: Սակայն նրանք մոռանում են Հայաստանի քարոզչական հնարավորությունների, Արևմուտքի համակրանքի, ինչպես նաև Ռուսաստանի հետ սերտ կապերի մասին:
«Ադրբեջանն այդչափ լայն լոբբիստական հնարավորություններ չունի: Եկեք իրերն իրենց անուններով կոչենք, Հայաստանը քրիստոնեական երկիր է:
Եվրամիությունը սովորել է Հայաստանի և Ռուսաստանի միջև ավանդական բարեկամական և միաժամանակ ռազմական հարաբերությունների գաղափարին, և նրան, որ Հայաստանը փորձում է օգտագործել Արևմուտքի հնարավորությունները` իր տնտեսության և անվտանգության զարգացման ապահովման համար:
Սակայն Ադրբեջանի իրավիճակը բոլորովին այլ է: Ադրբեջանը փորձում է ոչ միայն մտերմանալ Ռուսաստանի հետ, այլ նաև օբյեկտիվորեն հեռանում է Եվրամիությունից: Սա այլ իրավիճակ է` Արևմուտքի համար ավելի վնասակար:
Ադրբեջանում ժողովրդավարության մակարդակի բարձրացման առնչությամբ համընդհանուր ճանաչում ձեռք բերած գնահատականներ կան: Այդ բնորոշումների համաձայն` Ադրբեջանը մոտենում է Ուզբեկստանին, ինչը անտանելի է դառնում»,-գրում է հեղինակը: