ԼՂՀ կառավարության երեկվա նիստում քննարկումների թեման էր գիշատիչների գլխաքանակի կարգավորումը, տեղեկացնում է «Երկիր» օրաթերթը:
Կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետ Գարիկ Գրիգորյանը` քննարկմանը ներկայացնելով 2011թ. պետական միջոցներով նախատեսված գիշատիչների գլխաքանակի կարգավորման միջոցառումների ծրագիրը, տեղեկացրեց, որ միայն վերջին մեկ ամսվա ընթացքում հանրապետությունում ոչնչացվել է 68 գայլ:
Կառավարությունում հետաքրքվել են, թե վարչությունը մոնիտորինգ իրականացնում է գիշատիչների կարգավորման հետ կապված, և ոչնչացնելով այդ գիշատիչներին, արդյո՞ք չեն կանգնի մեկ այլ խնդրի առաջ, որն արդեն կսկսի վնասել բնությանը: Ի պատասխան, Գարիկ Գրիգորյանը տեղեկացրել է, որ 1987թ. հետո հանրապետությունում նման միջոցառումներ չի իրականացվել: Նախորդ տարիների համեմատ 2008 թվականին ոչնչացվել է 51 գայլ, իսկ 2009-ին և 2010-ին` համապատասխանաբար 146 և 179 գայլ: Վարչության պետի խոսքերով` ուսումնասիրությունների միջոցառումները կշարունակվեն:
Հիշեցնենք, որ մեկ գայլի ոչնչացման համար հատկացվում է 100 հազար, իսկ շնագայլի համար` 8 հազար դրամ: