Հայ Ազգային Կոնգրեսի այսօրվա քաղխորհրդի նիստում քննարկվել են փետրվարի 18-ի հանրահավաքի նախապատրաստման և կազմակերպման, ինչպես նաև Կոնգրեսի հետագա ռազմավարության հետ կապված հարցեր:
Նիստից հետո ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ հանրահավաքի հետ կապված լուրջ արձագանք կա մարզերում, և հանրահավաքին մասնակցել ցանկացողների թիվը շատ մեծ է:
«Մենք ինֆորմացիա ունենք, որ իշխանությունները որոշում են ընդունել բոլոր միջոցներով խոչընդոտել մարդկանց մուտքը Երևան: Բնականաբար, նաև մտածել ենք՝ ինչ միջոցներ կարելի է ձեռնարկել, որպեսզի այդ խոչընդոտները հաղթահարվեն»,- ասել է Զուրաբյանը:
Խոսելով հանրահավաքի իրազեկման խնդիրների մասին՝ ՀԱԿ համակարգողը նշել է, որ իրազեկումը հեռուստատեսությամբ, ինչպես միշտ, անհնար է, և Կոնգրեսն այն իրականացնում է թերթոնների և թռուցիկների միջոցով:
«Սակայն ժողովրդի հետաքրքրությունը շատ մեծ է: Սպասեք շատ մեծ հանրահավաքի»,- հավելել է Զուրաբյանը: