Այսօր Լեռնային Ղարաբաղի հարցում հիմնական իրադարձություններն ընթանում են ոչ թե Մինսկի խմբի եռանախագահողների ձևաչափում և բուն բանակցությունների ընթացքում, այլ դրա շուրջ: ԵԽԽՎ-ում, երբ կրկին սկսել է գործել Լեռնային Ղարաբաղի հարցով հանձնաժողովը, մոտ ապագայում կլինի միջազգային փաստահավաք խմբի զեկույցը, որն Ադրբեջանը փորձելու է օգտագործել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք է հայտնել ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը:
«Ադրբեջանը միջազգային տարբեր հարթակներում հարցը քննարկելուց բացի, հիմա որդեգրել է նաև իր համար մի այլ ուղղություն. տարբեր երկրների խորհրդարաններում է փորձում հասնել նրան, որ այդ երկրի խորհրդարանները որոշում ընդունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված, ինչպես օրինակ` նման նախագիծ կա արդեն Լիտվայի խորհրդարանում», – ասել է ընդդիմադիր գործիչը:
Շահնազարյանը ցավով նշել է, որ այս ամենին Հայաստանի դիվանագիտությունը որևէ համարժեք մոտեցում չի ցուցաբերում:
«Ադրբեջանի իշխանությունները կատարել են բազմաթիվ սխալներ` ապացուցելով, որ նրանց համար բանակցային գործընթացը ընդամենը տարածքների վերադարձն է, ինչպես նաև բացահայտորեն խոսելով միայն ռազմական լուծման մասին`Ադրբեջանը իրեն դրել է չափազանց լուրջ և ծանր վիճակի մեջ, բայց որից բացարձակապես մեր իշխանությունը չի օգտվում»,- ասել է նա:
Նա առաջարկել է, թե ինչ պետք է անեն ՀՀ իշխանություններն այս պայմաններում:
«Բոլոր այդ հարթակներում անհրաժեշտ է հետևողական աշխատանք, որը հիմնված պիտի լինի հետևյալ իրողությունների վրա. պատերազմը սկսել է Ադրբեջանը, զինադադարը պարտադրվել է Ադրբեջանին, ինչպես նաև մոռացության է մատնվել Հայաստանի դիվանագիտության կողմից մի շատ կարևոր փաստաթուղթ` 1995 թ. փետրվարին ստորագրված փաստաթուղթը, որը կոչվում է «Հրադադարի ռեժիմն ամրապնդելու միջոցառումների մասին» փաստաթուղթ: Հաջորդը, ինչից պետք է օգտվի Հայաստանը, դա այն է, որ Ադրբեջանը բացարձակապես հրաժարվում է կատարել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 4 բանաձևերը, և գնում է բացառապես ռազմական լուծման»,- մեկնաբանել է Շահնազարյանը:
Նա հայտարարել է, որ եթե այս ամենին գումարվի տարածաշրջանում ստեղծված նոր լարվածությունը, Թուրքիայի նոր ակտիվությունը, ապա չափազանց մեծ է հավանականությունը, որ ներքին խնդիրները` սոցիալական, տնտեսական, և արտաքին վտանգները կարող են միաժամանակ հանդես գալ, որը կարող է Հայաստանը կանգնեցնել շատ ծանր իրավիճակի առաջ:
Շահնազարյանի խոսքով` այսօր Լեռնային Ղարաբաղի հարցի հետ կապված ստեղծվել է մի յուրօրինակ իրավիճակ. Պատերազմի վերսկսման հավանակաությունը շատ ավելի մեծ է, քան բանակցային գործընթացում որևէ չնչին առաջընթացի հասնելը:
«Այս ամենը արդյունքն է 2008 թ.-ից սկսված ներքաղաքական խոր և ավելի խորացող ճգնաժամի: Ստեղծված իրավիճակում միակ ելքը ազգային համաձայնության հասնելն է արտահերթ ընտությունների միջոցով, այլ ելք մենք ուղղակի չունենք, և ուղղակի զարմանում եմ, որ իշխող վարչախումբը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այս պարզ ճշմարտությունը չի հասկանում: Մի անգամ ևս փաստում եմ, որ ՀԱԿ-ն այս խնդիրների լուծումը տեսնում է արտահերթ ընտություններում, և միայն այս միջոցով կհաստատվի ազգային համաձայնություն, ներքաղաքական համաձայնություն», – նշել է ընդդիմադիր գործիչը: