Սոցիալական իրավիճակն իր մեջ պարունակում է պայթյունավտանգություն: Հայաստանի տնտեսական իրավիճակն այնպիսին է, որ մոտ ապագայում հայաստանյան և եվրոպական վերլուծաբանների, տնտեսագետների կանխատեսումներով` Հայաստանը չափազանց լուրջ իրավիճակի առջև է կանգնելու:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին, ներքաղաքական խնդիրների մասին խոսելով, ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը կարծիք է հայտնել, որ ՀՀ իշխանությունները որևէ կերպ չեն փորձում ներկայիս սոցիալական լարվածությունը թուլացնել, իսկ նրանց ոչ համարժեք գործողություններով էլ ավելի են սրում իրավիճակը:
«Այս ամենի մասին շատ ավելի մանրամասն կխոսվի ամսի 18-ի հանրահավաքում»,- հայտարարել է Շահնազարյանը:
Անդրադառնալով արաբական աշխարհում տեղի ունեցած և շարունակվող զարգացումներին` Շահնազարյանը դրանք համարել է չափազանց վտանգավոր ոչ միայն մեր տարածաշրջանի, այլ նաև միջազգային անվտանգության համար:
«Իմ գնահատականով` սա միջազգային քաղաքական ճգնաժամի նշաններ են, և հաստատ համաշխարհային այս համակարգը լուրջ նորացումների կարիք ունի, այլապես շատ ծանր իրավիճակներ կարող են առաջանալ»,- ասել է նա: