Չորեքշաբթի վաղ առավոտյան Լիբիայի քաղաքացիները դուրս են եկել փողոց` իրենց բողոքն արտահայտելու երկրի «կոռումպացված իշխանությունների» դեմ: Նրանք ցանկանում են տապալել Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի իշխանությունը, ով կառավարում է երկիրը 41 տարուց ավելի, հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության աղբյուրը: Քադաֆիին Լիբիայում «հավերժ առաջնորդ» են համարում, իսկ իշխանության տարիների ընթացքում նրա կուտակած աստղաբաշխական հարստության մասին երկրում լեգենդներ են շրջում:
Ցուցարարները վաղ առավոտյան հավաքվել են Լիբիայի Բենղազի քաղաքի ոստիկանական շտաբի դիմաց և սկսել են հակակառավարական կարգախոսներ հնչեցնել, որի արդյունքում բախումներ են տեղի ունեցել իրավապահների և ցուցարարների միջև:
Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել և դաժանորեն ցրել է ցույցը:
Բենղազիում հրատարակվող «Քյուրինա» պարբերականը գրում է, որ ցուցարարները զինված են եղել պայթուցիկներով և քարերով:
Համաձայն լիբիական «Գորինա» թերթի, 14 մարդ վիրավորվել է բախումների հետևանքով:
«Ալ Ջազիրայի» հետ հեռախոսազրույցի ընթացքում լիբիացի գրող Իդրիշ Ալ-Մեսմարին պատմել է, որ քաղաքացիական հագուստով անվտանգության աշխատակիցները փորձել են ցրել ցույցը արցունգաբեր գազի, եռացրած ջրի և ռետինե մահակների օգնությամբ:
Ըստ հեռուստատեսության տվյալների` Ալ-Մեսմարին ձերբակալվել է հարցազրույցից անմիջապես հետո: