ՀՀ Կառավարությունը բարեհաջող կերպով բոլոր խավերին ոտքի է հանել, և հասարակության տարբեր շերտեր այսօր պատրաստ են իրենց իրավունքների համար դուրս գալ փողոց և պայքարել Կառավարության կողմից վարվող քաղաքականության դեմ:
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսին պատասխան էլ է այն հարցին, թե արդյոք Հայաստանում հնարավոր է սոցիալական բունտը:
«Ես ունեմ նաև փաստեր, որ մի շարք այլ բնակավայրերում էլ տարբեր բնույթի դժգոհություններ կան, որոնք նույնպես համարյա թե պատրաստ են ճանապարհ փակել և այլն, բայց կարծես թե Կառավարությունը համառորեն գնում է այդ ճանապարհով, այսինքն` ժողովրդին այդ սոցիալական խնդիրների ալիքի վրա դժգոհության ալիք բարձրացնելու ճանապարհով»,- ասել է նա:
Նռանյանը կարծիք է հայտնել, որ խնդիրն այն է, որ քաղաքացիները մինչ օրս չեն հավատացել, որ իրենք ի վիճակի են ինչ-որ բան փոխել: Ըստ բանախոսի` եթե քաղաքացիները հավատան, որ իրենք ի վիճակի են փոփոխություններ կատարել, այդ կուտակված դժգոհությունը կարող է նաև սոցիալական դժգոհություններ առաջացնել, և այդ պայմաններում, եթե մինչև 2012 թվականը այդ ուղղությամբ լուրջ փոփոխություններ չեղան, դրանք կարող են լրջորեն ազդել 2012 թվականի ընտրությունների վրա:
«Քաղաքացիներն արդեն հասկանում են, որ պարզապես 5000 դրամներով քվեարկելով` իրենք ոչ մի լավ բանի չեն հասնի, որովհետև Կառավարությունը հաջողացնում է տարիների ընթացքում շատ ավելի մեծ վնաս հասցնել իրենց երկրին և իրենց երեխաներին, քան այդ բաժանվող փոքրիկ ընտրակաշառքը: Եվ կարծում եմ` քաղաքացիների քաղաքական հասունության և համարձակության պայմաններում 2012 թվականին իրավիճակը կարող է փոխվել: Եվ կարծում եմ, այս մեկ տարին բավական որոշիչ է լինելու. այդ ուղղությամբ»,- հայտարարել է Նռանյանը: