Երեկ Եվրոպայում վերսկսվեց Չեմպիոնների Լիգայի մրցաշարը, սակայն փլեյ-օֆ փուլի առաջին երկու հանդիպումներն անցան ոչ այդքան գոլառատ և հետաքրքիր պայքարում: Հատկապես դա վերաբերում է իտալական «Միլանի» և անգլիական «Տոտենհեմի» հակամարտությանը: Միլանում կայացած հանդիպման ընթացքում դաշտի տերերը չափազանց անկազմակերպ և անատամ թիմի տպավորություն թողեցին, իսկ ահա անգլիացիները խաղացին այն չափով, որը թույլ էր տալիս 1/8 եզրափակչի առաջին խաղում չպարտվել մրցակցի հարկի տակ և պատասխան հանդիպումից առաջ որոշակի առավելություն ստանալ: «Տոտենհեմը» ոչ միայն կարողացավ պահպանել ոչ-ոքի հաշիվը, այլ նաև հանդիպման վերջնամասում արագ հակագրոհ կազմակերպեց, որի արդյունքում Աարոն Լենոնը շրջանցեց մրցակցի պաշտպան Մարիո Յեպեսին և գնդակը փոխանցեց անպաշտպան դարպասի մոտ կանգնած Պիտեր Քրաուչին: Վերջինս մոտ 10 մետրից գնդակը պարզապես գլորեց դարպասի անպաշտպան անկյունը: Խաղի վերջին վայրկյաններին «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը գոլի հեղինակ դարձավ, բայց մրցավարը տեսավ, որ մինչ շրջադարձ հարված կատարելը Զլատանը հրեց Մայքլ Դոուսոնին:
Մրցակցի հարկի տակ տարած հաղթանակը հաջորդ փուլ դուրս գալու հիանալի հնարավորություն է տալիս «Տոտենհեմին»:
Խաղային օրվա երկրորդ հանդիպումն ավելի հետաքրքիր պայքարում անցավ: Իսպանական «Վալենսիան» սեփական հարկի տակ ընդունել էր գերմանական «Շալկե 04» ակումբին: Առաջին խաղակեսում «Վալենսիայի» ֆուտբոլիստներն առավելություն ունեին, նրանք կարողացան բացել հաշիվը Ռոբերտո Սոլդադոյի մոտ տարածությունից կատարած հարվածի շնորհիվ:
Երկրորդ խաղակեսում, սակայն, փայլեց «Շալկե 04»-ի լեգենդար ֆուտբոլիստ իսպանացի Ռաուլը, ով արագ կողմնորոշվեց տուգանային հրապարակում և ձախ ոտքով անկասելի հարված կատարեց` ամրագրելով հանդիպման վերջնական հաշիվը` 1:1: Սա Ռաուլի 71-րդ գնդակն էր եվրոգավաթների խաղարկությունում. այս ցուցանիշով նա առաջ անցավ Ֆիլիպո Ինձագիից, ով մինչ այս խաղը 70 գնդակով կիսում էր առաջին հորիզոնականը Ռաուլի հետ: Ինչ վերաբերում է Չեմպիոնների Լիգայի խաղարկությանը, ապա այս մրցաշարում սա Ռաուլի 69-րդ գնդակն էր, ինչը նույնպես լավագույն ցուցանիշն է մրցաշարի պատմության ընթացքում: