Home / Հայաստան / Սամարայում սպանված հայ ուսանողի գործով կասկածյալներ են հայտնվել

Սամարայում սպանված հայ ուսանողի գործով կասկածյալներ են հայտնվել

Սամարայում սպանված հայ ուսանող Արմեն Սահակյանի գործով կասկածյալներ են հայտնվել: Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության պետի խոսքով` կասկածյալները մի քանիսն են, և այժմ հետաքննություն է անցկացվում` հանցագործությանը նրանց մասնակցությունը պարզելու ուղղությամբ:

Միևնույն ժամանակ, Սամարայի շրջանի միջշրջանային քննչական բաժանմունքում հայտնել են, որ կասկածյալները բերման են ենթարկվել, սակայն ավելի ուշ նրանց ազատ են արձակել, հայտնում է Volga News-ը:

Հետաքննությունը հերքել է այն վարկածը, որ սպանությունը կատարվել է միջէթնիկ հողի վրա:

Հիշեցնենք, որ Արմեն Սահակյանին դանակահարել էին հունվարի 15-ին ավտոբուսի կանգառի մոտ: Երիտասարդը տաքսի էր նստել և ինքնուրույն հասել մոտակա հիվանդանոց, որտեղ էլ մահացել էր: Արմենի հարազատները չեն կասկածում, որ տղային սպանել են կովկասցու արտաքին ունենալու համար:

«Հունվարի 15-ի երեկոյան նրան զանգահարեցին ընկերները, և առաջարկեցին նշել սեսիոն քննությունների հաջող ավարտը,- ավելի վաղ ասել էր Արմենի հայրը`  Անդրանիկ Սահակյանը,- Նա նստել է տրամվայ, և դուրս եկել «Постников овраг» կանգառում: Մենք ենթադրում ենք, որ նրան սկսել են հետևել մոտ 5 երիտասարդներ: Կարծում եմ` դրանք սափրագլուխներ են եղել:

Դատաբժիշկները պատմել են ինձ, որ դանակի հարվածը եղել է ուղիղ նրա սրտին, այնուհետև հանցագործները բարձրացրել են դանակը վերև, և պտտել 180 աստիճանով: Սակայն Արմենը կարողացել է ևս 15 մետր քայլել, և խնդրել տաքսու վարորդին իրեն հիվանդանոց հասցնել: Հիվանդանոցի ճանապարհին նա մահացել է»:

Անդրանիկ Սահակյանի խոսքով` իր որդուց ոչ մի արժեքվոր բան չեն գողացել, թեև այդ երեկո նրա վզին ոսկյա շղթա և թևնոց կար, լավ ժամացույց, բջջային հեռախոս, և փող: