Գյումրիի վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների վարորդները սկսել են «Անիլլաջ» անունը կրող ակցիան: Մեքենաներն անընդհատ, արդեն մի քանի անգամ 5 կիլոմետր ժամ արագությամբ, իրարից բավական հեռավորություն պահպանելով, շրջում են Գյումրիի Գարեգին Նժդեհ, Սայաթ-Նովա, Պռոշյան փողոցներով և Հաղթանակի պողոտայով, մարզային և քաղաքային ոստիկանության շենքերի և քաղաքապետարանի հարակից փողոցներով:
«Երթին մասնակցում է ավելի քան 40 ավտոմեքենա: Նրանք խցանումներ են առաջացրել փողոցներում, սակայն դա նրանց մեղքով չէ»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի տնօրեն Լևոն Բարսեղյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ոստիկանությունը փակել էր Գյումրի-Վանաձոր ճանապարհը` խոչընդոտելով երկու քաղաքների վարորդների համատեղ ակցիայի անցկացմանը:
Բարսեղյանը պատմել է, որ ինքը մեկ ժամ առաջ վարորդներից մեկի հետ մտել է ոստիկանության մարզային վարչության պետի տեղակալ Գևորգ Թադևոսյանի մոտ և հետաքրքրվել է, թե ինչու է փակվել Գյումրի-Վանաձոր ճանապարհը:
«Ես իրան ասում եմ` ինչո՞ւ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը փակ, և ինչո՞ւ է շրջապատված «Ասպարեզ» ակումբը, ինքն անեկդոտի պես կրկնում է` մենք ճանապարհ չենք փակել, մենք ճանապարհ չենք փակել: Ես նրան ասացի, որ մենք ունենք տեսանյութը և լուսանկարները, որոնք փաստում են ճանապարհի փակ լինելը: Ես նշեցի, որ ՀՀ դատախազություն հանցագործության մասին հաղորդագրություն ենք ուղարկելու, ինքն ասում ա` ի՞նչ հանցագործություն»,- պատմել է Բարսեղյանը:
Լուսանկարը` Գալա TV-ի: