Ղարաբաղի հետ Ադրբեջանի անմիջական երկխոսությունն ավելի արդյունավետ կարող էր լինել: Vesti.Az-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի քաղաքագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Ֆյոդոր Շելով-Կովեդյաևը:
«Հայաստանի նախագահի կողմից արված հայտարարությունն արտացոլում է այն, որ Երևանը ի վիճակի չէ որևէ որոշում փաթաթել Ստեփանակերտի վզին: Որովհետև նա իսկապես չի կարող դա անել: Ես նրա խոսքերը այսկերպ եմ ընկալում ` հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող բանակցությունների ընթացքում Ղարաբաղի բացակայությունը` որպես խաղաղ գործընթացում Ադրբեջանի հիմնական գործընկերոջ, անհնար է: Չեչնյայի օրինակը ցույց է տալիս` որքան էլ որ դժվար լինի սկզբում, այդուհանդերձ արդյունքներ են տալիս միայն ուղիղ երկխոսությունները»,- պարզաբանել է նա:
Հայաստանի իշխանությունների` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ստեփանակերտի դիրքորոշման վրա ազդելու հնարավորությունները բավական սահմանափակ են, քանի որ «նախևառաջ հենց իրենք ծագումով ղարաբաղից են և չեն կարող թույլ տալ իրենց չափից շատ ճնշում գործադրել իրենց հայրենակիցների վրա: Երկրորդ հերթին, նրանց Հայաստան տեղափոխվելուց հետո Ղարաբաղում քաղաքական գործիչների նոր սերունդ է մեծացել, որն այնքան էլ հակված չէ լսելու որևէ մեկի կարծիքը` բացի սեփականից»:
Նրա խոսքով` Երևանի ազատությունը սահմանափակող երրորդ հանգամանքը պայմանավորված է Արևմուտքի երկակի դիրքորոշմամբ: Մի կողմից` Արևմուտքը փորձում է Բաքվին որպես խաղաքարտ օգտագործել տարածաշրջանում Ռուսաստանին հակակշռելու համար, այդ իսկ պատճառով հրապարակավ հայտարարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը սատարելու մասին: Մյուս կողմից` բազմապիսի միջոցներով, ոչ պաշտոնապես թեժացնում է Ստեփանակերտի լռությունը, որպեսզի այդ «ցավոտ» հարցում Բաքվին իր վերահսկողության տակ պահի: «Այս իրավիճակում Երևանի` Եվրամիությունից և ԱՄՆ-ից ավելի սուրբ լինելը տարօրինակ կթվար»,- նշել է քաղաքագետը: