Home / Հայաստան / Երևանի քաղաքապետը կտնօրինի ԼՂՀ-ի գազի սպասարկման ոլորտը

Երևանի քաղաքապետը կտնօրինի ԼՂՀ-ի գազի սպասարկման ոլորտը

Հնարավոր է` շուտով Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին անցնեն Ղարաբաղի էլեկտրական ցանցերն ու գազի սպասարկման ողջ ոլորտը` «Արցախէներգոն» և «Արցախգազը» , տեղեկացնում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:

Այս փաստը օրերս հաստատվել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Լրագրողները այս ասուլիսում հետաքրքրվել էին, թե արդյո՞ք ճիշտ են այն տեղեկությունները, որ «Արցախէներգոն» և «Արցախգազ» ընկերությունների կառավարումը անցնելու է «Էյ Ի Ջի» կազմակերպությանը և արդյո՞ք ճիշտ է, որ այդ ընկերության սեփականատերը Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն է:

Ի պատասխան լրագրողների այս հարցի, ԼՂՀ վարչապետն ասել է, թե Ղարաբաղի կառավարությանը չի հետաքրքրում, թե ո՞վ է այդ ընկերության սեփականատերը, կարևորն ըստ նրա այն է, որ «ծանոթ են ընկերության փորձին, որը կիրառվում է նաև Հայաստանի Հանրապետությունում»: «Ինչ վերաբերում է  Կարեն Կարապետյանին մենք խնդրել ենք նրա միջնորդությունը: Ես շատ կողջունեմ և ինձ համար շատ հաճելի կլինի, որ ներդրողը ինքը լինի, որովհետև ցանկալի է, որ մեր ներդրողներն առաջին հերթին լինեն հայրենասեր, որ հետո պրոբլեմ չունենանք` ինչպես հայտնի ընկերությունների հետ: Եթե Կարեն Կարապետյանը գա և շահույթ ունենա, համոզված եղեք, որ մի քանի անգամ ավելի ներդրում կկատարի Արցախում: Եվ մենք պետք է շահագրգռված լինենք, որ ներդրողները  լինեն նրա նման  անձնավորություններ»,-ասել է ԼՂՀ վարչապետը: